«Ինձ համար շատ զարմանալի էր Արծվիկ Մինասյանի նշանակումը». Կարինե Դանիելյանը՝ ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարարի մասին

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀ Հանրային խորհրդի (ՀԽ) անդամների հետ հանդիպման մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում իրենց կարծիքները հայտնեցին Հանրային խորհրդի անդամներ՝ ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը և «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ ղեկավար Կարինե Դանիելյանը:

Խոսելով ՀԽ անդամների հետ ունեցած վարչապետի հանդիպման մասին՝ Կարինե Դանիելյանը մտահոգություն հայտնեց.

«Չեմ ուզում ընկալել, որ դարձյալ էկոլոգիայի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դրսևորում կա, որը մենք տեսնում ենք ամենուր՝ արդեն 25 տարի շարունակ: Մենք այնպիսի բարբարոս վերաբերմունք դրսևորեցինք այս մի կտոր հողի նկատմամբ, որը հիմա մեր ձեռքում է, իսկ վերաբերմունքն էկոլոգիական խնդիրներին այնքան արհամարհական է եղել և շարունակում է այդպես մնալ, որ երբեմն մտածում եմ՝ Աստված մեզ հնարավորություն չի տալիս վերադարձնելու պատմական հողերը, որովհետև դրանք վտանգված կլինեն նույն բարբարոսական վերաբերմունքի արդյունքում»:

Կարինե Դանիելյանը նշեց, որ լրագրողների հետ հանդիպմաը գալիս է Էկոլոգիական անվտանգության վերաբերյալ ՀԱՊԿ-ի գիտաժողովից. «Մեզանում չկա այս խնդիրների նկատմամբ կառավարական հոգածություն, փոփոխությունների հետանկար: Մենք առանձին-առանձին գործում ենք, առանձին-առանձին ողբում ենք, իսկ ընդունված վերաբերմունքը հետևյալն է՝ մենք կանենք այն, ինչ ուզում ենք, իսկ էկոլոգները թող գնան ողբան իրենց համար»:

Բանախոսին հատկապես անհանգստացնում են առողջության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները. «Ես փորձագետների մի խմբի հետ այս պահին ՄԱԿ-ի մի ծրագիր եմ իրականացնում՝ «Կլիմայի փոփոխությունը և դեգրադացված շրջակա միջավայրի ազդեցությունը երեխաների առողջության վրա», դեռ չեմ ցանկանա հայտարարել արդյունքը, բայց շատ անհանգստացնող, մտահոգիչ տվյալներ ենք ստացել: Պատկերն ուղղակի սարսափելի է»:

Անդրադառնալով երեկ ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի նշանակմանը՝ Կարինե Դանիելյանը նշեց. «Ինձ համար շատ զարմանալի էր այդ նշանակումը: Ես շատ լավ եմ վերաբերվում Արծվիկ Մինասյանին՝ որպես մարդու, տնտեսագետի, նախկին պատգամավորի: Այստեղ ես երկու սցենար եմ տեսնում. առաջինը՝ էկոլոգներին ենթարկենք տնտեսագետներին, թող ձայները կտրեն, որն ինձ համար ընդունելի տարբերակ է, և երկրորդը, որ ավելի օպտիմալիստական է՝ էկոլոգիայի և էկոնոմիկայի համագործակցությունն է և ներդաշնակեցումը: Այս առումով, եթե ստացվի, որ տնտեսագետ նախարարին հաջողվի իրականություն դարձնել այս համագործակցությունը՝ բերելով կայուն զարգացման, դրական փոփոխությունների միտում կարելի է ակնկալել»:

Տեսանյութեր

Լրահոս