«Ի՞նչ առաջարկի մասին ես խոսում». Հովհաննես Հովհսեփյանը չի պատրաստվում հեռանալ ՊԵԿ նախագահի պաշտոնից
«Ի՞նչ առաջարկի մասին ես խոսում: Բայց ես պաշտոնակատար չեմ, չէ՞: Պարզ չէ՞, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը պաշտոնակատար չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովհսեփյանը` պատասխանելով հարցին, թե առաջարկություն ստացե՞լ է նորանշանակ վարչապետից՝ շարունակելու աշխատանքը:
Նա չմեկնաբանեց վերջին շրջանում տարածված լուրերը, որ ինքը շուտով պաշտոնանկ է արվելու: Հ.Հովսեփյանը չանդրադարձավ նաև շրջանառվող այն տեղեկություններին, որ իր գործարար եղբայրն օրերս Մոսկվայից եկել է Հայաստան` հատուկ Հ.Հովսեփյանի պաշտոնավարման շարունակականությունն ապահովելու բանակցությունների համար և զգալի «փրկագին» է խոստացել` առաջիկայում միլիոնավոր ներդրումների տեսքով:
Հարկային օրենսգրքի վերաբերյալ ՊԵԿ նախագահը նշեց, որ այն հենց հիմա քննարկվում է. «Թողեք թող քննարկվի, վերջանա Հարկային օրենսգիրքը»: Նա բնական համարեց գործարարների դժգոհությունը հարկահավաքման գործընթացից` նկատելով, որ սովորաբար յուրաքանչյուր գործարար, երբ իրենից փորձում են հարկ գանձել, ինքը փորձում է հարկ չվճարել և միշտ դժգոհում է:
Հ.Հովսեփյանը անպատասխան թողեց պրիմիտիվ գողության մասին վարչապետի հայտարարության, առաջիկայում ապօրինի հարստացումը քրեականացնելու հետ կապված իր մտավախությունների մասին հարցերին:
«Թողեք գնամ»,- ասաց Հ.հովսեփյանն ու հապշտապ հեռացավ Աժ-ից:
Նկատենք, որ Հ.Հովսեփյանին ամեն կերպ փորձում էին մեկուսացնել լրագրողներից: Նախ նա ԱԺ-ում մասնակցում էր ՀՀԿ խմբակցության խորհրդակցությանը, իսկ հետո առանձին քննարկումներ տեղի ունեցան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ:
Եվ մինչ լրագրողները սպասում էին նրան միջանցքում, թե՛ պատգամավորները, թե՛ նրանց օգնականները փորձում էին համոզել, որ ՊԵԿ նախագահը լրագրողների հետ կխոսի ԱԺ նիստում ՀՕ ներկայացումից հետո: Անգամ երբ Հովսեփյանը դուրս եկավ Բաղդասարյանի սենյակից և ուղևորվեց դեպի ելք, նրա ուղեկիցները կրկին վստահեցնում էին, թե Հովսեփյանը բարձրանում է վերև, ոչ թե հեռանում է ԱԺ-ից: