Բաժիններ՝

«4 սպայի ցուցմունքների հիման վրա 6 պարտադիր ժամկետային զինծառայող կարող է ազատազրկվել մինչև 8 տարի ժամկետով». Նորայր Նորիկյան

ՀՀ ՊՆ N զորամասի թվով 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ մեղադրվում են իրենց վաշտի հրամանատարին ծեծելու համար, որի համար վերջիններիս սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Գործը քննվում է ՀՀ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ստանձնել եմ նշված զինծառայողներից մեկի՝ Վազգեն Արտյոմի Մխեյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ալկոհոլ օգտագործած վիճակում իր 5 համածառայակիցների հետ վաշտի հրամանատարին շուրջ 10 րոպե ծեծելու մեջ:
Հատկանշական է, որ տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող սպայի մարմնի վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել, բացառությամբ աչքի տակ առկա կապտուկի, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ պնդում է արված, որ նշված 6 զինծառայողները, ըստ էության, շուրջ 10 րոպե ծեծել են նշված սպային:
Անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ իմ պաշտպանյալ Վազգեն Մխեյանի մասով նշված քրեական գործով հաստատված մեղադրական եզրակացությունում առկա է ակնհայտ կեղծիք:

Վերջինս ոչ միայն ալկոհոլ չի օգտագործել /Փորձաքննությամբ հաստատվել է/, այլև տեղի ունեցած միջադեպի ընթացքում փորձել է օգնել տուժողի կարգավիճակ ստացած իր վաշտի հրամանատարին:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի «Ջանասիրություն» է ցուցաբերվել թվով 6 շարքային զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ եթե «տուժող» սպան ցուցաբերեր հրամանատարին վայել կեցվածք և ժամանակին ձեռնարկեր իր իրավասություններից բխող քայլեր, այսօր նշված զինծառայողները չէին հայտնվի վանդակաճաղերից այն կողմ:

Մեր փաստաբանական գրասենյակը հետամուտ է լինելու այս գործում արդարության վերականգնման համար»,- մասնավորապես գրել է Նորայր Նորիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս