Ծերացող բնակչությունը մեծ ազդեցություն կունենա Եվրոպայի տնտեսության վրա

Եվրոպայի ծերացող բնակչությունը դառնալու է արտադրողականության լուրջ անկման և լուրջ տնտեսական խնդիրների պատճառ։ Այս մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի պատրաստած զեկույցում։ Եվրոպայի արտադրողականությունն արդեն իսկ ցածր է, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան ու Հունաստանը, որտեղ ցածր արտադրողականությունը նախկինում էլ տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել։ Արտադրողականության ցածր աճն ըստ էության Իտալիայի՝ «կանգնած» տնտեսության գլխավոր գործոններից մեկն է։

Զեկույցում նշվում է, որ հաջորդ երկու տասնամյակներում մեկ երրորդով կավելանա եվրոպացի այն աշխատողների քանակը, ովքեր 55-64 տարեկան են՝ 15 տոկոսից հասնելով 20 տոկոսի։ Սա իր հերթին՝ կարող է բազմաթիվ խնդիրներ առաջ բերել։

«Տարբեր տեսություններ կան արտադրողականության վրա տարիքային ազդեցության մասին։ Մի կողմից՝ տարիներ շարունակ աշխատելու հանգամանքը կարող է տարեց աշխատողներին ավելի արտադրողական դարձնել։ Մյուս կողմից՝ ավելի փխրուն առողջությունը և հնացած կարողությունները կարող են նվազեցնել նրանց արտադրողականությունը։

Գրականության մեջ փոխզիջումային տարբերակն այն է, որ արտադրողականությունը տարիքի հետ ավելանում է՝ հասնելով 40-50-ի։ Հետո այն նվազում է»,- նշվում է զեկույցում։ Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ աշխատուժի ծերացման արդյունքում՝ զեկույցի հեղինակները նշում են, որ նախ՝ սա կառաջացնի արտադրողականության զգալի նվազում ինչպես՝ միջնաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ հեռանկարում։

Աշխատուժի ծերացումն անհավասար կերպով կազդի եվրոյի գոտու երկրների վրա։ Արտադրողականության վրա ամենաանբարենպաստ ազդեցությունը կլինի այն երկրներում, որոնք ամենաքիչը կարող են դա իրենց թույլ տալ՝ Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա և Իտալիա։ Այս երկրներն արդեն իսկ ունեն աշխատուժի տարիքի բարձր մակարդակ և արտադրողականության կայուն աճի կարիք՝ մրցակցություն ստեղծելու և գործազրկությունը կրճատելու համար։

Եվրոպական տնտեսությունն այժմ հրաշալի վիճակում չէ։ Ինչպես նշված է ԱՄՀ-ի զեկույցում, եթե բոլոր ցուցանիշներին ավելացնեք նաև տնտեսական անորոշությունը, որ առաջացել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո, ապա ստիպված ենք արձանագրել, որ արտադրողականության նվազումը տեսանելի ապագայում կարող է լրջագույն խնդիրներ հարուցել համաեվրոպական տնտեսության համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս