Սյունիքի մարզում ականազերծվել է մոտ 10․000քմ․ ականապատ տարածք
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000քմ ականապատ տարածք։ Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։
Զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ և 19․690 գծամետր ժապավեն։ Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։
Հիշեցնում ենք, որ նշագրված արգելափակված տարածքներ մուտք գործելը կամ զգուշացնող վահանակները և ժապավենները ոչնչացնելն ու տեղահանելը կարող են ձեր և ձեր մտերիմների խեղման կամ մահվան ակամա պատճառը դառնալ։ Տեղեկացված լինելուն զուգահեռ պահպանենք անվտանգության կանոններն ու խուսափենք վտանգներից: