Հռոմի պապը կընդունի Նիսում զոհվածների հարազատներին

Շուրջ 350 մարդ՝ Նիսի Անգլիական ծովափին ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներն ու զոհվածների հարազատները, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կուղեւորվեն Հռոմ, որտեղ նրանց կընդունի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Ինչպես տեղեկացնում է nice-matin.fr պորտալը, այսօր Նիսից Իտալիա կմեկնի քաղաքի իշխանությունների կողմից վարձված երկու ինքնաթիռ, որոնցում կգտնվի 200 մարդ:

Եվս 150 հոգի Նիսից Հռոմ կուղեւորվեն ավտոբուսներով:

Տուժածներին եւ զոհվածների հարազատներին ուղեկցելու են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ղեկավար Կրիստիան Էստրոզին, ինչպես նաեւ տեղի կրոնական հանրակցությունների ներկայացուցիչները:

Սպասվում է, որ քահանայապետը Նիսից ժամանած պատվիրակությանը կընդունի  օրվա երկրորդ կեսին:

Բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ դիտելու Բաստիլի գրավման օրվա՝ հուլիսի 14-ի կապակցությամբ կազմակերպված հրավառությունը: Ահաբեկչական գործողությունը կատարել է Նիսի 31-ամյա բնակիչ Լահուայեջ Բուհլելը:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Ողբերգության զոհ է դարձել 86 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Տեսանյութեր

Լրահոս