Բաժիններ՝

««Նույնիսկ ավերակներում գտնվող Զվարթնոցը ականավոր և յուրօրինակ շինություն է». Դասախոսություն Վաշինգտոնում

«Զվարթնոցի տաճարը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` այս մասին Վաշինգտոնում, Կոնգրեսի գրադարանում կայացած դասախոսության ընթացքում հայտարարել է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանսին։ «Զվարթնոցը ներշնչել է բազմաթիվ կառույցներ, թե՛ միջնադարում եւ թե՛ մեր օրերում»,- հավելել է նա:

Գիտնականի խոսքով, 641-661 թվականներին կառուցված Զվարթնոցի տաճարը միշտ հատուկ ուշադրության է արժանացել՝ իր յուրահատուկ տեղը զբաղեցնելով հայկական պատմության եւ իրականության մեջ:

«Նույնիսկ ավերակներում գտնվող Զվարթնոցը ականավոր և յուրօրինակ շինություն է, և ո՛չ Սբ. Հռիպսիմե, ո՛չ էլ Սբ. Գայանե եկեղեցիները մեզ չեն նախապատրաստում Զվարթնոցի եզակի ճարտարապետությանը»,- նշում է գիտնականը:

Քրիստինա Մարանսին ավելացնում է, որ լինելով կաթողիկոսական տաճար, Զվարթնոցը կառուցվել է շրջադարձային ժամանակահատվածում.

«640-660 թվականներին կառուցված Զվարթնոցը համընկավ պատմական կարեւորագույն բեկման հետ, քանի որ բազմաթիվ գիտնականների կարծիքով հենց այդ տարիներով է անցնում անտիկ ժամանակների եւ միջնադարի միջեւ բաժանարար գիծը»:

Վարդանանց օրվա դասախոսությունները անց են կացվում Կոնգրեսի գրադարանում յուրաքանչյուր տարի, գրադարանի աշխատակից Լեվոն Ավդոյանի նախաձեռնությամբ: Դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը խորհրդանշական է համարել, որ Վարդանանց օրը համընկնում է հայկական պետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանի հետ:

«Այսպիսով Հայաստանն անկախ է, բայց երբեք միայնակ չի եղել: Հայաստանն ունեցել է բազմաթիվ բարեկամներ, իսկ ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի զավակներից շատերը ամուր կապ են պահպանում պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ», – նշել է դեսպանը:

Դեսպանն իր ելույթում ընդգծել է նաեւ Միացյալ Նահանգների կարեւոր դերը նորանկախ Հայաստանի անկախ պետականության ամրապնդման գործում, նշելով, որ նաեւ ամերիկյան աջակցության շնորհիվ Հայաստանին հաջողվեց կայանալ, չնայած բազմաթիվ մարտահրավերների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս