«Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտությունը պահպանվում է». Էստոնիայի նախագահ
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ևս, Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի պես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դատապարտել է Ռուսաստանի կողմից Արևելյան Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ագրեսիան։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից։
Իր ելույթում, անդրադառնալով Ռուսաստանի գործողություններին, վերջինս հիշեցրել է, որ 2008 թվականին կոչ էր արել աչք չփակել Ռուսաստանի գործողությունների վրա, երբ վերջինս ներխուժեց Վրաստան։
«Միջազգային իրավունքը ակնհայտորեն խախտվել էր, սակայն դրա համար քիչ բան արվեց»,- ասել է Թոոմաս Հենդրիկ Իլվեսը։
«6 տարի անց՝ 2014թ., մենք տեսանք կատարվածի կրկնություն Ուկրաինայում։ Ինքնիշխան տարածքը բռնակցվեց, մի մասը վերածվեց պատերազմի դաշտի: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Եվրոպայում սահմանները փոխվեցին ուժի կիրառմամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սահմանները ուժով փոփոխելու արգելքը ընկած է ՄԱԿ-ի կանոնադրության «սրտում»։
Վերջինս հայտարարել է, որ շարունակվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և Վրաստանում, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներն օկուպացված են մնում օտարերկրյա ռազմական ուժի կողմից, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի սառած հակամարտությունները պահպանվում են։ Նա կոչ է արել հետևել միջազգային նորմերին և միջազգային իրավունքի չափորոշիչներին։
Նա զգուշացրել է ՄԱԿ-ին, որ եթե քայլեր չձեռնարկի, ժամանակի ընթացքում կկորցնի իր կարևորությունը։