Բաժիններ՝

«Նելսոն Մանդելա» մրցանակ՝ հայ զինվորին

«Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակին է արժանացել մերօրյա հերոսը: Գյումրու երիտասարդական պալատում սեպտեմբերի 21-ին կայացած «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությանը լավագույն պարգևին՝ գլխավոր մրցանակին  արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմում թշնամու 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանը:

Սեպտեմբրի 21-ը ոչ միայն  ՀՀ անկախության, այլ նաև խաղաղության միջազգային օրն է: Այս տարի առաջին անգամ հենց նույն օրը տեղի  ունեցավ «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը՝ դառնալով ամենամյա:

Մրցանակաբաշխության նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է. Հայաստանի գրասենյակը ևս իրավունք է ստացել կազմակերպել մրցանակաբաշխությունը Հայաստանում` Գյումրիում:

Մրցույթը բաց էր՝ մինչ մրցանակաբաշխությունը ներկայացված 9 թեկնածուներից անկախ ժյուրին տեղում ընտրեց լավագույնին:

«MasterPeace» միջազգային կազմակերպության «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում ժյուրիի որոշմամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան պատվոգրեր և սերտիֆիկատներ« իսկ գլխավոր մրցանակը` միջազգային սերտիֆիկատը և Հոլանդիայից բերված «Նելսոն Մանդելա» բրոնզե արձանիկը տրվեց թշնամու 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանին: Հերոսի բացակայության պատճառով մրցանակը հանձնվել է Շուլի Հակոբյանի հորը` Արմեն Հակոբյանին:

«Մրցանակաբաշխության նպատակն է հայտնաբերել մեր կողքին ու մեր մեջ ապրող Նելսոններին և խրախուսել ու քաջալերել նոր Նելսոնների` դրական ու բարի փոփոխություններ կատարելու իրենց շրջապատում, քաղաքում, գյուղում, փողոցում, համալսարանում և այլուր: Մեր կողքին ապրում են հարյուրավոր հերոսներ, ովքեր իրենց անշահախնդիր ու անմնացորդ նվիրումով դրական փոփոխություն են կատարում իրենց համայնքում` մեծ ներդրում ունենալով մարդու իրավունքների, ազատ խոսքի դրսևորման, խաղաղության կառուցման, սոցիալական արդարության, կրթության և առողջապահության բարելավման, համայնքների զարգացման, սննդի անվտանգության, հայրենիքի պաշտպանության և այլ բնագավառներում…»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «MasterPeace Հայաստան»  գրասենյակի ղեկավար Արմենուհի Սերոբյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ սերտիֆիկատների արժանացան Գյումրիի երեք բուհերի լավագույն ակտիվ ուսանողները:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս