Բաժիններ՝

«Ակտիվ քաղաքացիական հասարակությունը մեր երկրի նվաճումներից մեկն է». Կարինե Դանիելյան

Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է ակտիվ քաղաքացիական  հասարակություն ունենալը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը:

«Եթե հիշենք 1988 թվականը, ապա այն ժամանակ այնպիսի մի վերելք էր, որ զարմանալի էր` սովետական տարիներին քաղաքացիական հասարակության այդպիսի պոռթկում կար: Դրանից հետո դժվար ժամանակահատված վերապրեցինք` պատերազմ, շրջափակում, խնդիրներ բոլոր ոլորտներում: Բայց Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացում ապրեց: Այսօր կարող ենք ասել, որ ակտիվ քաղաքացիական հասարակությունը մեր երկրի նվաճումներից մեկն է»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Նա նկատեց, որ տարիների ընթացքում ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները փոխվել են, նոր մոտեցումներով են հանդես գալիս: Ցանկացած խնդրին պրոֆեսիոնալ են մոտենում:

«Իհարկե, կան հասարակական կազմակերպություններ, որոնց մոտեցումներն ինձ համար անընդունելի են, սակայն, ընդհանուր առմամբ, նրանց գործունեությունում պրոֆեսիոնալիզմը նկատելի է, բավական պատրաստված են դարձել: Նույնիսկ երբեմն խոսվում է այն մասին, որ որոշ դեպքերում պետական կառույցների փոխարեն հասարակական կազմակերպությունները շատ գործառույթներ իրենց վրա են վերցրել»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Տարիների ընթացքում Հայաստանի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ոչ միայն իրենց տեղը գտան մեր երկրում, այլև, ըստ Կարինե Դանիելյանի, ակտիվորեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ: «Մենք ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք Հայաստանն արժանապատիվ կերպով ներկայացնում են միջազգային կառույցներում: Ես հպարտանում եմ, ակտիվ քաղաքացիական հասարակություն ունենալը լուրջ առաջընթաց է: Այսօր կարելի է ասել, որ չկա ոլորտ, որտեղ հասարակական կազմակերպություններն իրենց չդրսևորեն»,-հավելեց նա:

Անդրադառնալով խնդիրներին` Կարինե Դանիելյանը նշեց, որ դեռ լավ ծրագրերն իրականացնելու հարց կա: Ըստ նրա` շատ լավ ծրագրեր են մշակվում, դրանք իշխանությունները քննարկում են ՀԿ-ների հետ, սակայն այդ բոլորը մնում են թղթի վրա: «Լուրջ խնդիր ունենք ՀԿ-ների կողմից խթան հանդիսանալու տեսանկյունից: Պետք է ՀԿ-ները նաև այնպես աշխատեն, միգուցե մոնիտորինգ իրականացնեն, որ ծրագրերը չմնան թղթի վրա»,-հավելեց նա:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 21-րդ տարեդարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս