«Եդինայա Ռոսիան» Պետդումայի ընտրություններում կստանա ռեկորդային քանակությամբ մանդատ
Երեկ Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիան», Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի «Սպրավեդլիվայա Ռոսիան»։ Նման տվյալներ է հրապարակել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 95 տոկոսի հաշվարկից հետո։
Ընդ որում՝ «Եդինայա Ռոսիան» առաջատարն է՝ ընտրողների ձայների 54.19 տոկոսով։ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը և Ռուսաստասնի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել են 13.43 և 13.25 տոկոս համապատասխանաբար, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 6.18 տոկոս։
Ոչ մի արտախորհրդարանական կուսակցություն մինչ այս պահը չի հաղթահարել 5-տոկոսանոց շեմը։
Ինչ վերաբերում է խորհրդարանում տեղերի բաշխմանը, ապա «Եդինայա Ռոսիան» ստանում է սահմանադրական մեծամասնություն՝ 343 մանդատով (տեղերի 76.22 տոկոսը), ինչը բոլոր գումարման նստաշրջանների ամենամեծ քանակությունն է։
Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը ստացել է 42 մանդատ (9.34 տոկոս), Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 39 մանդատ (8.67 տոկոս), «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 23 մանդատ (5,11 տոկոս)։
Մեկական մանդատ են ստանում «Ռոդինան», «Քաղաքացիական հարթակը» և ինքնաառաջադրված Վլադիսլավ Ռեզնիկը։
Ընտրողների մասնակցության հայտը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է 47.81 տոկոս։
Նշենք, որ Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովն առաջատար է երկրի ղեկավարի ընտրություններում 97.06% ձայներով: