Ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել. հայտարարություն

Ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:
Նման հայտարարությամբ են հանդես եկել հայ ավանդական երեք կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ազգային երեք կուսակցությունների՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի ղեկավար մարմիններս, հանուն մեր շարքերի եւ համակիր շրջանակների ողջունում է Հայաստանի անկախ հանրապետության 25-րդ տարեդարձը եւ այս առթիվ հայտարարում.

ա. Մեր աներեր նվիրումը՝ Հայաստանի անկախ պետականության հզորացման գործին։

բ. Մեր մտահոգությունը, թե Հայաստանի 25-ամյա երիտասարդ հանրապետությունը տակավին դիմագրավում է արտագաղթի հարցը: Մեր խորին համոզումն է, որ արտագաղթի կասեցման նպատակով պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն երկրի սոցիալական եւ տնտեսական իրավիճակի, դատաիրավական համակարգի հիմնովին փոփոխությունների եւ բարեկարգելու ուղղությամբ։

գ. Մեր համոզումը, որ՝ արցախյան հարցի լուծումը հնարավոր է միայն բանակցային խաղաղ գործընթացներով. դեմ ենք սակայն՝ հող խաղաղության համար հնչեցվող փոխզիջման տարբերակին, եւ հաստատում ենք, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:

դ. Մեր վճռականությունը՝ հայրենի ժողովրդին թեւ ու թիկունք կանգնելու եւ իրենց արդար ու բարգավաճ երկիր կառուցելու ձգտումներին սատարելու։

ե. Գործակցությունը՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները կիրարկվեն ամենալայն չափերով։

զ. Վերջապես, ԱՄՆ հայ համայնքի կարողականության առավելագույն կազմակերպումով ու համագործակցության մթնոլորտի ամրապնդման ճամփով՝ նոր որակով Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման ի նպաստ աշխատանքներն առաջ տանելու հանձնառությունը։

Կեցցե Հայաստանի Անկախ Պետականությունը,

Կեցցե Հայաստանն ու Արցախը,

Կեցցե հայ ժողովուրդը»։

Տեսանյութեր

Լրահոս