Մերկելի կուսակցությունը պարտվել է․«Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» կորցրել է ձայների մեծ մասը Բեռլինի խորհրդարանում
Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցրել է ձայների մեծ մասը Բեռլինի խորհրդարանում։
«Քրիստոնեա-դեմոկրատական միությունը», որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ցույց է տվել վատագույն արդյունքն իր ողջ պատմության մեջ, գրում է Deutschе Welle-ն։
Ընտրությունները տեղի էին ունեցել Բեռլինում կիրակի օրը։ Խորհրդարանի 130 տեղին հավակնում էր 21 կուսակցություն։
Ներկայումս Մերկելի կուսակցությունը Բեռլինի խորհրդարանում ունի 39 տեղ։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը նախորդ ընտրություններում ստացել էր 46 մանդատ, նրանք ձևավորել էին կոալիցիա, որը ի վիճակի էր կայացնել կարևոր որոշումներ։
Նախնական տվյալներով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դարձյալ հավաքել է ձայների մեծ մասը՝ 21.6 տոկոս։
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը հավաքել է ընդամենը 17.6 տոկոս։
Վերլուծաբանների կարծիքով՝ ներկայումս Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետք է նոր կոալիցիա ստեղծի, ընդ որում, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» մանդատները դրա համար չեն բավականացնում։
Առավել իրատեսական են փորձագետները համարում սոցիալ-դեմոկրատների միավորումը «ձախերի» և «կանաչների» հետ։