Բաժիններ՝

«Վահանակների վրա տվյալ հուշարձանի մասին մի քանի լեզվով կարճ տեղեկություն կլինի»

Հայաստանում «Պահպանվում է պետության կողմից» գրառմամբ հատուկ նշանակություն ունեցող հուշարձանների համար նախատեսված վահանակներ կստեղծվեն: Այս և սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված ծրագրի մասին լրագրողների հետ զրուցեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

«Վահանակների վրա տվյալ հուշարձանի մասին մի քանի լեզվով կարճ տեղեկություն կլինի: Իսկ կառավարության նիստում հաստատված Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման, հանրահռչակման 2016-2020թթ. ռազմավարությունը հնարավորություն կտա լուծել և՛ հասարակության, և՛ նախարարությունների կողմից առաջ քաշված մի շարք խնդիրներ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Ռազմավարության նպատակն է գնահատել ու արժևորել մշակութային ժառանգությունը, այն օգտագործել որպես երկրի կայուն զարգացման ներուժ՝ նոր տնտեսական և սոցիալ-քաղաքական պայմաններում:

Ծրագրի շրջանակում հստակեցվելու են տարբեր սուբյեկտների՝ կառավարության, պետական լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունները, լիազորությունները: Հստակեցվելու են հուշարձաններին վնաս հասցնելու դեպքում սահմանված տույժերը, սահմանվելու են պեղումներ իրականացնելու հետ կապված ընթացակարգեր:

Տեղակալի խոսքով՝ կընդունվի հնագիտության զարգացման ծրագիրը, որն արդեն պատրաստ է, սակայն սպասվում է ընթացակարգի ընդունումը: «Այն նույնպես մի քանի տարվա համար է նախատեսված և բաղկացած կլինի կրթական, հանրահռչակման և այլ բաժիններից»,- ասաց Սամուելյանը և հավելեց, որ պատմամշակութային կոթողների պահպանության գործում մեծ դեր է խաղում հասարակության կրթվածությունը և արժեքային համակարգը:

ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է նաև հուշարձանների կադաստրավորման հետ կապված ծրագիր իրականացնել:

Ծրագրի համակատարողներն են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ քաղաքաշինության նախարարությունները, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս