Քրդաբնակ Հաքքարիում 2 թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Աղաչդիբի գյուղի մոտակայքում թուրքական զինուժի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր զոհեր են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com լրատվականը:
Սեպտեմբերի 17-ի առավոտյան PKK- ականների եւ թուրք զինվորների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով 2 թուրք զինվոր սպանվել է, 4-ը` վիրավորվել:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
1980-ականներից PKK-ի սկսած զինված պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել: