Բաժիններ՝

450.000 դոլար` Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնման համար

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր տեղի ունեցավ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ու ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվեց Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրով հատկացվող ֆինանսավորման մասին: Պայմանավորվածության ամրագրման ու աշխատանքների մեկնարկման համար կողմերն այսօր Ազգային պատկերասրահում հանդիսավոր կերպով ստորագրեցին դրամաշնորհի տրամադրման մասին փաստաթուղթը:

Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը կհատկացնի 450.000 դոլար:

«Այս եկեղեցին անգին գանձ է՝ պահպանված հայկական որմնանկարներով, որոնցում զուգակցված են ուշ միջնադարյան քրիստոնեության պատկերագրության տարրերը: Սա ոչ միայն Հայաստանի հարստությունն է, այլ նաև աշխարհինը, ինչի պահպանության համար պետք է չխնայել ոչինչ: Բացի այդ, մշակույթի պահպանումն օգնում է, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր խոսքում նշեց դեսպան Միլսը:

14339836_10205274402618310_1899842992_o

Կարդացեք նաև

Ռիչարդ Միլսի փոխանցմամբ, սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է: «Ամռանը ես եղա այս եկեղեցում ու անչափ տպավորված էի բացառիկ որմնանկարներով: Կատարելով այս աշխատանքը` ԱՄՆ կառավարությունն ակնկալում է, որ դրանք նպաստեն Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացմանը: Նպատակն այն է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը զբաղեցնի զբոսաշրջության քարտեզի վրա, իսկ Հայաստանը դրան արժանի է»,- իր խոսքում նշեց դեսպանը:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանությանն աջակցության և համագործակցության համար՝ իր խոսքում ևս անդրադարձավ եկեղեցու՝ ինքնատիպ ճարտարապետական կառույց լինելու փաստին. «Այս եկեղեցու արժեքը գիտակցել են դեռևս 80-ականներին և փորձել վերականգնել այն, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները կիսատ են մնացել: Եկեղեցին 17-րդ դարի կառույց է` յուրահատուկ որմնանկարներով, որոնք արված են Հովնաթանյան դպրոցի ներկայացուցիչների կողմից: Այս որմնանկարները, ի տարբերություն մի շարք այլ հուշարձաններում պահպանված որմնանկարների, իրենց կատարման տեխնիկայով, թեմատիկ ուղղվածությամբ ամբողջական են»:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները, Հասմիկ Պողոսյանի փոխանցմամբ, կմեկնարկեն այս տարի և ավարտին կհասցնեն մինչև 2018 թ. տարեվերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս