«Ընտրություններից առաջ իշխանությունը պետք է աներ թարմացման այդ օպերացիան». Լևոն Զուրաբյան

«Վաղ է գնահատականներ տալ նոր վարչապետի գործունեության մասին: Իրականում  սովորաբար թողնում են կառավարությունը ձևավորվի, գոնե մի 100 օր անցնի, և դրանից հետո կերևա կոնկրետ անձնավորության և վարչապետի գործունեության արդյունքները: Բայց մենք չենք կարող սպասել, և մի քանի հարցադրումներ պետք է անել հիմա, և տեսնել, թե ինչ պատասխան պետք է տա նրա թիմը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա հնչեցրեց առաջին հարցադրումը. ակնհայտ է, որ ով էլ գա վարչապետ այս կոռումպացված միջավայրի մեջ, որտեղ պառլամենտի մեծամասնությունը կեղծված ընտրություններով ընտրված մինի օլիգրախների համակեցություն է, այս վիճակում, երբ ռեժիմն ինքը հիմնված է մենաշնորհների, ապօրինի արտոնությունների վրա, այդ վիճակում ի՞նչ պետք է անի որևէ վարչապետ: Ըստ Զուրաբյանի` եթե նա փորձի ապամոնտաժել այդ համակարգը, ինչպես ՀԱԿ-ն է առաջարկում, դա կնշանակի՝ վերջ ռեժիմին. «Բնական է, որ դա հնարավոր չէ, որովհետև դա նշանակում է՝ ընդհանրապես նոր քաղաքական համակարգ, նոր մեծամասնություն, և այլն: Մենք սպասելիքներ չունենք, և պետք է հիմնովին փոխել այն արատավոր համակարգը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում»,- ասաց նա:

Լ. Զուրաբյանը երկրորդ հարցադրումով անդրադարձավ Կարեն Կարապետյանի՝ մենաշնորհների մասին հայտարարությանը: Ըստ Զուրաբյանի՝ նա  շարունակեց արատավոր գիծը` ասելով, որ մենաշնորհը վատ է, եթե ձևավորվել է ադմինիստրատիվ որոշումներով, իսկ եթե այն ձևավորվել է մրցունակ միջավայրում, ուրեմն ինքնին դա վատ չէ:

«Այստեղ մենք խորը հակասություն ունենք և՛ նախորդ կառավարության հետ, և՛ նորանշանակ վարչապետի կողմից այս հռչակած սկզբունքի հետ: Մենք կարծում ենք, որ  եթե մրցունակ միջավայրում ձևավորվել է մենաշնորհ, դա չարիք է: Երբ ԱՄՆ-ում Ռոկֆելերը նավթի մենաշնորհ ձևավորեց, ԱՄՆ մտցրեց հակամենաշնորհային օրենք և քանդեց այդ մենաշնորհը: Կարեն Կարապետյանի ասածը մենաշնորհի ապոլոգիա և պաշտպանություն էր: Այստեղ գուցե խոսեց նրա անցյալը կամ ներկան` կապված «Գազպրոմի» հետ»,- նշեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Երրորդ հարցադրումը, Լ. Զուրաբյանի խոսքով, այն է, որ Կ. Կարապետյանը եկավ ու ասաց, որ մեր տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում, ինչի մասին տարիներ շարունակ ասում էր ՀԱԿ-ը և արժանանում չափազանցնելու մեջ մեղադրանքների. «Անհասկանալի է, թե ինչպես է պատասխանելու խորհրդարանական մեծամասնությունը կամ ՀՀ իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Կարեն Կարապետյանի մյուս խոսքին: Գազի և էլեկտրաէներգիայի գների մեթոդաբանությունը վերլուծելով` մենք ասել էինք, որ գներն առնվազն 25%-ով հնարավոր է պակասեցնել: Անմիջապես խորհրդարանական մեծամանությունը մեզ մեղադրել էր պոպուլիզմի, անհիմն խոստումների, իրավիճակն աղավաղված ներկայացնելու, ժողովրդին խաբելու մեջ: Եվ հիմա գալիս է մի վարչապետ ու ասում, որ իջեցնելու է գները: Հիմա ի՞նչ` ասենք, որ զբաղված են նախընտրական պոպուլիզմո՞վ: Ո՛չ, չենք ասի, մենք գիտենք, որ դա հնարավոր է: Մենք դա կանենք, երբ գանք իշխանության»:

Ինչո՞ւ հիմա Հովիկ Աբրահամյանը փոխարինվեց Կարեն Կարապետյանով.  այս հարցին ի պատասխան՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ ժողովուրդը սիրում և ցանկանում է փոփոխություններ, նաև ցանկանում է հույսեր ստանալ.

«Բնական է, որ ընտրություններից առաջ իշխանությունը պետք է աներ թարմացման այդ օպերացիան, որպեսզի մի քիչ պակասեցնի ժողովրդի զզվանքը, ատելությունն իշխանությունների նկատմամբ: Հույսերը շուտ կսպառվեն, բայց ինչ-որ մի պոզիտիվ ֆոն մինչև ընտրությունները կստեղծեն»:

Տեսանյութեր

Լրահոս