«Կառավարության կազմում կլինեն փոփոխություններ». Էդուարդ Շարմազանով

Կառավարության կազմում կլինեն փոփոխություններ, սակայն ժամկետները դեռևս սպառված չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանարապետական Կուսակցության Գերագույն Մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Դեռևս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են: Բնականաբար` կառավարության կազմում կլինեն փոփոխություններ, բայց ժամկետները դեռևս սպառված չեն, բայց օրենքով սահմանված կարգով և ժամկետներով մենք ձեզ կներկայացնենք ապագա թեկնածուներին»,- մասնավորապես նշել է նա: Շարմազանովն ասել է, որ հաշվ ի առնելով այն հանգամանքը, որ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ:

Հարցին` արդյոք արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերը կլինե՞ն կառավարության կազմում, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ չկան Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի կադրեր, կա ՀՀԿ միասնական թիմ:

«Թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի, թե Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս քաղաքական թիմ ենք, և այդ քաղաքական թիմն ունի մեկ առաջնորդ` Սերժ Սարգսյան: Ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն, այդպես նաև այսօր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ևս լինելու է ՀՀԿ-ն: Բնականաբար պարոն վարչապետը, ինչպես հանրապետության նախագահն ասաց, կունենա լուրջ գործառույթներ, նաև ազատություն, որպեսզի իրականացնի, կյանքի կոչի այն գաղափարները, որոնց համար նա վարչապետ է նշանակվել»:

Անդրադառնալով համաներում հայտարարելու հարցին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն այն մարմինը չէ, որ պետք է քննարկի համաներման խնդիրը, դա ՀՀ նախագահի մենաշնորհն է, եթե նման նախագիծ ուղարկվի Ազգային ժողով, այն կքննարկվի.

«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել»:

Տեսանյութը` 1in.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս