2016թ․ ռուսական զենքի արտահանումը հասել է 8 մլրդ դոլարի
Ռուսաստանից սպառազինության արտահանման ընդհանուր ծավալը 2016 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 8 մլրդ դոլար։
Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Պունչուկը։
«Ութ ամսում ընդհանուր արտահանումը կազմել է գրեթե 8 մլրդ դոլար։ Սկզբունքորեն, ամեն տարի վաճառքը գրեթե նույնն է։ Տարեսկզբին քիչ է, այնուհետև թափ է հավաքում և տարեվերջին դուրս ենք գալիս նախատեսված ծավալների»,- ասել է Պունչուկը Africa Aerospace and Defence աերոտիեզերական ցուցահանդեսին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, 2015թ․ Ռուսաստանը վաճառել է 14.5 մլրդ դոլարի զենք, ընդ որում, մոտակա տարիներին պատվերների ընդհանուր պորտֆելը կազմում է գրեթե 50 մլրդ դոլար։
«Մենք առավելագույնս ջանքեր կգործագրենք, որպեսզի իրականացնենք պլանը, որը հանձնարարել է նախագահը։ Մենք բազմաթիվ մատակարարումներ ունենք տարեվերջին»,- հավելել է Պունչուկը։