Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին. «Չե՛մ հավատում»

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Նանման» ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին նախագիծը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակներում երկիրը, եթե տնտեսության որևէ ոլորտ հայտարարել է որպես գերակա, կարող է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնց կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները կամ հումքը չեն արտադրվում ԵՏՄ տարածքում, բայց կարևոր է իր տնտեսության առաջընթացի ապահովման համար: Ըստ նրա՝ «Նանման» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության ոլորտում, այն նախատեսում է ներմուծել ջինսե գործվածք Չինաստանից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել երեք նոր աշխատատեղ՝ միջինը 78 հազար դրամ միջին աշխատավարձով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստում որոշում էր կայացվել «Նանման» հայկական ընկերությանն արտոնություններ տալ համազգեստ կարելու հումքի ներկրման համար։ Ըստ Ա. Մինասյանի՝ ընկերությունը մաքսատուրքի արտոնություններ պետք է ստանա Չինաստանից ջինսե կտորների խմբաքանակի ներմուծման համար, քանի որ, ընկերության տեղեկանքի համաձայն, ԵՏՄ երկրներում նման կտոր չի արտադրվում: Ապրանքի խմբաքանակի ընդհանուր գումարը կկազմի 10.5 մլն դրամ։

Այսօր կառավարության նիստում ներկայացնելով, թե այս գործիքի կիրառմամբ որքան ներդրումային ծրագրեր են իրականացվել, Արծվիկ Մինասյանն ասաց, 77.57 մլն ներդրումային ծրագրեր են տրվել, որը նախատեսում է 1700 աշխատատեղ, իսկ տարվա ավարտին կներկայացնեն, թե այս նախատեսված աշխատատեղերից և  ներդրումներից որքանն է փաստացի իրականացվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս արտոնությամբ ընկերությունը 1 մլն դրամ է տնտեսում, ապա նշեց, որ փաստաթղթերի լրացման ընթացքում շատ ուշադիր պետք է լինել: «Ճիշտն ասած՝ 77 մլն-ի դիմաց՝ 1700 աշխատատեղը, և այս 10 մլն-ի դիմաց՝ 3 աշխատատեղի միջև ինչ-որ անհամաչափություն կա, բայց սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Մյուս հարցը վերաբերում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից  հաշվարկված ավելացված արժեքի հարկի  (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելուն:

««Շանթ»» ՍՊԸ-ն, որն առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերություն անվանումով, նախատեսում է վերազինել իր ամբողջ համակարգը և HD թվային հեռարձակման նոր արբանյակային հեռարձակում ապահովել, որի շրջանակներում ներկայացրել է ներդրումային ծրագիր: Ընդհանուր ներդրումային ծրագիրը կազմում է 2.45 մլրդ դրամ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ. 2016թ. համար միջին աշխատավարձը կկազմի 190 հազար դրամ, 2017թ.  համար՝ 195 հազար դրամ, 2018թ. համար՝ 200 հազար դրամ: Արծվիկ Մինասյանն ասաց նաև, որ այս գործիքը  2009թ. աշնանից կա, այս պահի դրությամբ՝ 65 ընկերություն օգտվել են այս իրավունքից, նախատեսված է եղել 6688 աշխատատեղ, այս պահին մոնիտորինգային արդյունքը գնահատել է 5025 ստեղծված աշխատատեղ:

Ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի հարցուպատասխանը նիստի ընթացքում.

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, որ, եթե մոնիտորինգ է արվում, թե որքան աշխատատեղեր են նախատեսված եղել և որքանն են ստեղծվել, զուգահեռաբար հնարավո՞ր չէ հասկանալ, թե որքան գումար է վերադարձվել, համակարգ կա՞ հսկելու համար:

Արծվիկ Մինասյան. – Որպես այդպիսին՝ համակարգ չունենք: Նոր ենք ձևավորում:

Կարեն Կարապետյան. – Ինչո՞ւ:

Արծվիկ Մինասյան.- Երկու պատճառով: Առաջինը՝ ընկերությունում այցելությունը դիտվում է՝ որպես ըստ էության միջամտություն: Դրա համար մենք հարցումների միջոցով փորձում ենք պարզել…

Կարեն Կարապետյան.- Պարո´ն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Մենք կառույց ունենք: Իմիջիայլոց, անդրադառնալով այն հանձնարարականներին՝ ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել: Ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքն իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ առումով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: Այս պահին Դուք, լինելով ՀՀ էկոնոմիկայի նախարար, տալով արտոնություններ բիզնեսին, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխատատեղ՝ հետաձգելով գումարներ, հետո այդ հարցը որևիցե ձևով մոնիտորինգ չի՞ արվում: Ես չեմ ասում՝ գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձևով… Ինչքա՞ն ժամանակ է ծախսել նախորդ ընկերությունը, մինչև ստացել է այս արտոնությունը:

Արծվիկ Մինասյան. – Ընկերությո՞ւնը: Մոտավորապես մեկ շաբաթ:

Կարեն Կարապետյան.- «Նանմանը»:

Արծվիկ Մինասյան.- «Նանմանը» որքա՞ն ժամանակ է ծախսել:

Կարեն Կարապետյան.- Այո, ե՞րբ է Ձեզ դիմել:

Արծվիկ Մինասյան.-  Գրեթե մեկ շաբաթ էլ «Նանմանը»:

Կարեն Կարապետյան.- Չե՛մ հավատում:

Արծվիկ Մինասյան.- Ես կարող եմ ներկայացնել Ձեզ:

Կարեն Կարապետյան.- Դուք ինձ յոթ վիզա եք ասել:

Արծվիկ Մինասյան.- Չէ´, ներկայացման մասին է խոսքը:

Կարեն Կարապետյան.- Ե՞րբ է ինքը դիմել, ե՞րբ ենք մենք իրեն արտոնություն տալիս:

Արծվիկ Մինասյան.- Լրացուցիչ կտեղեկացնեմ Ձեզ, պարո´ն վարչապետ:

Կարեն Կարապետյան.- Չգիտե՞ք:

Արծվիկ Մինասյան.- Այս պահին չգիտեմ, որովհետև…

Կարեն Կարապետյան.- Բա ինչո՞ւ, պարո´ն Մինասյան: Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, Դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևիցե մեկն իրենց չխոչընդոտի: 1 մլն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում: Երևի մի 7 ամիս նամակագրություն է գրել: Մենք պետք է այդ ամեն ինչը դասակարգենք և կանոնակարգենք այնպես, որ այս վիզաների, ստորագրությունների այս բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում այստեղ:

Կարեն Կարապետյանը հորդորեց իրեն զեկուցել, թե ինչ արդյունքներ կան ծրագրի արդյունքում:

Տեսանյութեր

Լրահոս