Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՊԵԿ-ին
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարական տվեց Պետական եկամուտների կոմիտեին:
Հանձնարարականն առնչվում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Կարեն Կարապետյանն ասաց, որ ստեղծում է նոր հանձնաժողովներ, բայց այս պահին ցանկանում է ՊԵԿ-ի հանձնարարականը ձևակերպել:
«Առաջին հերթին՝ մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ՝ հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր և մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում, մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագծի բացառումը և գործունեության թափանցիկության ապահովումը»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս գործողությունները պետք է կատարվեն առանց բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելու, որևիցե ստուգում, որևիցե ձևակերպում չպետք է խանգարի նրանց ամենօրյա գործունեությանը:
Կարեն Կարապետյանն առաջկարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկային և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
«Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական, ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենը պետք է արվի ոչ թե բյուջեի հաշվին, այլ տնտեսվարող սուբյեկտների, որոնք մատուցում են այդ ծառայությունները: