Բաժիններ՝

Մոսկվայի պետական համալսարանում մեկնարկել է հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովը

ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի (ՄՊՀ) պատմության ֆակուլտետի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Հայկական սփյուռքն ու հայ-ռուսական հարաբերությունները. պատմություն և այժմեականություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը՝ 16 երկրներից, այդ թվում նաև՝ Հայաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից հրա վիրված 100-ից ավելի հայագետների և գիտության բնագավառի անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Գիտաժողովի կազմակերպիչներն են ՄՊՀ պատմության ֆակուլտետն ու հայագիտական ուսումնասիրությունների զարգացման ու աջակցության «Անիվ» հիմնադրամը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ՀՀ և ՌԴ մի շարք գիտական ու մշակութային հաստատությունների աջակցությամբ:

Միջազգային գիտաժողովի բացմանը ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընթերցել է ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ողջույնի ուղերձը՝ հասցեագրված գիտաժողովի մասնակիցներին, որում ՀՀ Նախագահը, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ մեկնարկող միջազգային գիտաժողովը, որպես կարևորագույն գիտական իրադարձություն, կնպաստի հայ-ռուսական հումանիտար և կրթական կապերի խորացմանն ու երկու պետությունների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Այնուհետև դեսպան Եսայանն, իր ելույթում որակելով մեկնարկող գիտաժողովը որպես առանցքային կարևորության գիտակրթական նախաձեռնություն՝ ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն մեր օրերում շարունակում են դինամիկ զարգանալ՝ ընդլայնելով փոխգործակցության սահմաններն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում»:

Բացման արարողությանը ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովն ընթերցել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ, Ռուսաստանի պատմական միության նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան, մասնավորապես, անդրադարձել է հայ համայնքի դերակատարությանը Ռուսաստանի զարգացման տարբեր պատմական փուլերում՝ ընդգծելով, որ ռուս-հայկական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն ներկայիս տարածաշրջանային զարգացումների համայնապատկերում:

Գիտաժողովի շրջանակներում բացվել է նաև հայ-ռուսական թեմատիկայով պատմափաստագրական ցուցահանդես, նախատեսված է նաև հայագիտության թեմայով մի շարք գրքերի շնորհանդես:

Հավելենք նաև, որ գիտաժողովի մեկնարկից առաջ տեղի է ունեցել առանձնազրույց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի և Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի միջև, որի ընթացքում քննարկվել են կրթական և գիտական ոլորտում բուհի հետ համագործակցության տարաբնույթ հարցեր: Դեսպան Օ.Եսայանը շնորհակալություն է հայտնել ՄՊՀ ռեկտորին՝ հայկական սփյուռքին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված գիտաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով քննարկվելիք հարցերի արդիականությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ հայկական կողմը մ եծ կարևորություն է տալիս ՄՊՀ-ի հետ կրթական և գիտական ոլորտում համագործակցության զարգացմանը: Իր հերթին Վ.Սադովնիչին ընդգծել է ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի գործունեության կարևորությունը: ՌԴ-ում ՀՀ դեսպանը առանձին հանդիպում է ունեցել նաև ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Սերգեյ Կարպովի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս