Բաժիններ՝

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լսումներ կանցկացվեն

Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լայն լսումներ, տեղեկացրել է ադրբեջանական Turan լրատվամիջոցի թղթակիցը Վաշինգտոնից։

Լսումները կրում են «Ադրբեջան. արդյոք նշանակություն ունե՞ն մարդու իրավունքները» խորագիրը։ Դրանք կազմակերպվել են Կոնգրեսի՝ ողջ աշխարհում մարդու իրավունքների նորմերին հետևող մարմնի՝ Լանթոսի հանձնաժողովի կողմից:

Լսումների նպատակն է դիտարկել ընթացիկ իրավիճակը Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև ամերիկյան քաղաքականության համար դրա հետևանքներին գնահատական տալը:

«2014 թվականից Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ուժեղացրել է ճնշումներն այլախոհների նկատմամբ, հալածանքները լրագրողների, քաղաքական ընդդիմության, կրոնական գործիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ»,- ասվում է հանձնաժողովի նյութերում:

Նշվում է, որ երկրից արտաքսվել են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, մի քանի ամերիկյան ՀԿ-ներ, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովան բանտարկվել է կեղծ մեղադրանքներով, բանտում անցկացրել մեկուկես տարի և ազատ արձակվել միջազգային ճնշումների հետևանքով։
«Հավաստի տեղեկությունների համաձայն՝ բանտերում կա ավելի քան 100 քաղբանտարկյալ»,- ասվում է հանձնաժողովի նյութերում:

Լսումների ժամանակ քննարկվելու են նաև Ադրբեջանի սամանափակիչ օրենքները, որոնք արգելում են անկախ ՀԿ-ների և ԶԼՄ-ների գործունեությունը։

«Ալիևի կառավարությունը թաղվել է կոռուպցիայի մեղադրանքների մեջ, երկիրն ապրում է տնտեսական ճգնաժամ և արժույթի թուլացում»,- նշում են հանձնաժողովում։

Հանձնաժողովն անդրադարձել է նաև սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին։ Դրանք թույլ կտան իշխանություններին ավելի սահմանափակել հիմնական իրավունքները, ներառյալ՝ խոսքի ազատությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս