ԸՕ-ի վերաբերյալ իշխանության և ընդդիմության փոխահամաձայնությունը ԵՄ-ն գնահատում է որպես դրական զարգացում

Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է:

Ինչպես տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը:

«Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը:

Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով»,- ասված է Մայա Կոչիյանչիչի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայն ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկն եր և ընտրական ողջ գործընթաքցը կտեսանկարահանվի:

Տեսանյութեր

Լրահոս