Գիտնականները խորհուրդ են տալիս չխուսափել պատվաստումներից

Առողջապահության ոլորտի աշխատակիցները դուրս են եկել Կոնգոյի հանրապետության Քինշասա քաղաքի փողոցներ՝ կոչ անելով բնակչությանը դեղին տենդի դեմ պատվաստումներ ընդունել: Հիվանդությունից միայն այս տարի Կոնգոյում եւ Անգոլայում մահացել են հարյուրավոր մարդիկ: Մահացության բարձր ցուցանիշների պատճառն է բնակչության անվստահությունը պատվաստումների նկատմամբ:

«Եթե բոլորը համաձայնվեն պատվաստում անցնել, մենք կարող ենք ընդհանրապես վերացնել դեղին տենդը մեր երկրից»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասում է Լինգալայի գլխավոր բժիշկ Մոսալա Միրեյլը:

Լոնդոնի Առողջաբանության եւ արլադարձային բժշկության դպրոցի տվյալներով, Աֆրիկայում բնակիչները համեմատաբար բարձր վստահություն ունեն պատվաստումների նկատմամբ: Այսպես, Աֆրիկայում բնակչության ընդամենը 7 տոկոսն է համարում պատվաստումները վտանգավոր, մինչդեռ Եվրոպայում պատվաստումներին դեմ է բնակչության 15 տոկոսը: Դեռ ավելին. Ֆրանսիայում պատվաստումների անվտանգությունը վիճարկում է բնակչության 41 տոկոսը:

«Մինչ օրս մարդկանց մեջ առկա է համոզմունք, թե հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը կարող է բազմակի սկլերոզ առաջացնել: Այդ համոզմունքը երբեւէ գիտական հիմնավորում չի ստացել», – ասում է Լոնդոնի Առողջաբանության եւ արլադարձային բժշկության դպրոցի մասնագետ Հեյդի Լարսոնը:

Ֆրանսիայում պատվաստումների նկատմամբ անվստահությունը հատկապես սրվել էր 2009-ին, երբ երկրի իշխանությունները մեկ եւ կես միլիարդ դոլարով գնել էին H1N1 գրիպի դեպ 94 միլիոն չափաբաժին պատվաստանյութ: Հեյդի Լարսոնի կարծիքով, անվստահությունը կարող է բարդ հետեւանքներ ունենալ.

«Գրիպի շատ վտանգավոր տեսակներ են առաջանում եւ պատվաստումների նման ցածր թվերն ապագայում կարող են բավականին մեծ խնդիր առաջացնել»:

Գիտնականների կարծիքով, պատվաստումների նկատմամբ անվստահության արդյունքում ավելանում է պատվաստում ընդունելուց հրաժարվող մարդկանց քանակը: Դա կարող է ապագայում հիվանդությունների համաճարակ առաջացնել: Հատկապես կարեւոր է, որ պատվաստում անցնեն երեխաները, հիշեցնում են գիտնականները:

Տեսանյութեր

Լրահոս