Բաժիններ՝

Ամերիկացի ուսանողները և դասախոսները հնարավորություն ունեն ներգրավվելու հայաստանյան բուհերի ծրագրերում

«ԱՄՆ-ի ուսանողների եւ գիտնականների ներգրավվածությունը Հայաստանի ուսումնական ծրագրերում» նախագծի շրջանակում կազմակերպված աշխատաժողովը համախմբել է հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին, միջազգային կրթության ոլորտի ամերիկացի փորձագետներին` քննարկելու Ամերիկայի ուսանողներին եւ դասախոսներին հայաստանյան բուհերում եւ կրթական ծրագրերում ներգրավելուն ուղղված հնարավոր քայլերը:

«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության բարձրագույն կրթության գծով պատասխանատու Գրեհեմ Հեթլինգերն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արտերկրում սովորող ամերիկացի ուսանողների թիվը տարեցտարի մեծանում է:

«Արդեն 20 տարի այս կազմակերպությունում եմ, աշխատել եմ շատ ուսանողների հետ: Կարող եմ ասել, որ նմանատիպ ծրագրերը չափազանց կարեւոր են, քանի որ փոխվում է մարդկանց աշխարհընկալումը, նրանք ծանոթանում են տարբեր մշակույթների: Արտերկրում սովորող ամերիկացի ուսանողների թիվը գնալով աճում է, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում շեշտը մեծապես դնում են նաեւ արտերկրյա ուսման վրա: Վերջին տարիների ընթացքում փոփոխվել է ուսանողների հետաքրքրության շրջանակը: Նրանք ունեն շատ ավելի հստակ ծրագրեր, թե ինչ են ուզում սովորել, ինչ կրեդիտների կարիք ունեն այդ ծրագրերին մասնակցելու համար»,- ասաց Գրեհեմ Հեթլինգերը:

Նրա խոսքով` Հայաստանում ամերիկացի ուսանողների թիվը մեծ չէ, սակայն աճելու միտում կա:

«Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը տարբեր երկրներում իրականացնում է միջազգային կրթական փոխանակման ծրագրեր, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական, մասնագիտական, վերապատրաստման եւ ուսումնական փոխանակման ծրագրեր:

Տվյալ նախագծի նպատակն է հստակեցնել հայաստանյան բուհերի կողմից իրականացվող ուսումնական, գիտահետազոտական եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերը օտարերկրյա, մասնավորապես, ԱՄՆ ուսանողների համար եւ խթանել ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս