Բաժիններ՝

Նոր վերջին շանսը․ Քերին կողմերին կոչ է արել Սիրիայում հետևել հրադադարի ռեժիմին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Վաշինգտոնում հանդես է եկել լրագրողների առաջ՝ պատմելով Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին և ասել, որ դա, հնարավոր է, վերջին շանսն է Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման համար։

Քերին ընդառաջ է գնացել Մոսկվայի պահանջներին՝ կոչ անելով Սիրիայի ընդդիմությանը «առանձնանալ» ահաբեկչական «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումից։ «Ջաբհաթ ան Նուսրան» և ԴԱԻՇ-ն այն երկու խմբավորումներն են, որոնք չեն կարող լինել Սիրիայի հրադադարի ռեժիմի մաս։ Ավելին, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվել են հետագայում կոորդինացնել հարվածներն այդ խմբավորումներին։

Քերիի խոսքով՝ Սիրիայից արդեն սկսել են լուրեր հասնել բռնության մակարդակի նվազման մասին, սակայն հրադադարի դադարեցման ռեժիմի մասին եզրակացություններ կատարելը դեռ վաղ է։

«Ամենաառաջին հաղորդագրությունները վկայում են, որ կա լարվածության որոշակի նվազում, սակայն դեռ վաղ է ինչ-որ եզրակացություններ անելը։ Այսօր ես կրկնում եմ կոչը՝ ուղղված բոլոր կողմերին, որ հետևեն կրակի դադարեցման ռեժիմին։ Դա շանս է Սիրիայի, բոլոր մարդկանց համար, ովքեր շրջափակման մեջ են։ Դա շանս է քաղաքական-դիվանագիտական գործընթաց սկսելու համար ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Սեպտեմբերի 12-ի ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը։ Հրադադարը պետք է տևի 48 ժամ, այնուհետ՝ ևս 5 օր։
Դրանից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցված կերպով հարվածելու են ահաբեկչական խմբավորումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս