«Հայաստանն իր անվտանգային միջավայրի կայունության համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ»

Եվրամիության և եվրաատլանտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից են: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգ և կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը: Հայաստանի Հանրապետությունը անվտանգության և հարատև խաղաղության սահմանմանն ուղղված հարցերում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը կառուցողական համագործակցության իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում տարածաշրջանը մարտահրավերների հանդեպ խոցելի են դարձնում ինչպես տարածաշրջանի պետությունների տարամետ դիրքորոշումները անվտանգո ւթյան համակարգերի ձևավորման շուրջ, այնպես էլ չլուծված հակամարտությունները»,- ասաց Ա. Զաքարյանը:

Նրա խոսքով՝ իրողությունների այսպիսի դե ֆակտո առկայության դեպքում Հայաստանն իր անվտանգային միջավայրի կայունության պահպանման համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ: «Հանդիսանալով ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ Հայաստանը խթանում է նաև գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ կարևորելով նաև ալյանսի անդամ պետությունների հետ երկկողմ համագործակցության ձևաչափը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում մեր գործողությունները մշտապես պայմանավորված են եղել ալյանսի հետ քաղաքական երկխոսությամբ և գործնական փոխգործակցությամբ»,- նշեց Զաքարյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2004թ. Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները մասնակցում են խաղաղության հաստատման գործողություններին: Հայաստանը 2004թ. մինչ օրս իր խաղաղապահ զորքերով շարունակում է աջակցել Կոսովոյում «Կոսովոյի ուժեր» առաքելությանը, 2010թ. մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելության գործողություններին: «Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները 2014թ. մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող Լիբանանում «ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր» առաքելությանը»,- նշեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս