«Հայաստանի զարգացման պարտադիր պայմաններից մեկը մի քանի խոշոր քաղաքներում ընդդիմության հաղթանակն է»

«Երկու քաղաքներում էլ՝ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, անձնապես ընդդիմության կողմնակից եմ: Այսօր շատ կարևոր է, և Հայաստանի համար դա է ճանապարհը, որ ընդդիմությունը կարողանա էական դեր խաղալ ինչ-որ դաշտում: Այդ իմաստով ես հույս ունեմ, որ ընդդիմությունը կկարողանա հաղթել 2 քաղաքներում էլ, և դա խթան կլինի այլ տեսակի զարգացումների, նույն կոռուպցիայի հետ կապված, նոր դասավորությունների, նոր մշակույթի ներդրման, և այլն: Համենայն դեպս, եթե Հայաստանը գնում է դեպի զարգացում, պարտադիր պայմաններից մեկն է, որ մի քանի խոշոր քաղաքներում ընդդիմությունը հաղթի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին:

Ըստ նրա՝ սոցիոլոգիական գործիքները Հայաստանում լավ չեն աշխատում, որպեսզի իմանանք, թե ժողովուրդն ինչպես է վերաբերվում տարբեր հարցերի, բայց այդ փոփոխությունը սկզբունքորեն հասունացած է, եթե ճնշումների աստիճանը խորքային իմաստով չլինի «թաղի տղերքին օգտագործելը»:

«Մի վտանգ կա այդ ամենի մեջ, որ ընդդիմությունը հույսը կդնի միջին խավի վրա, որին իրենք ընկալում են՝ որպես ինտելեկտուալների, ծրագրավորողների, այնպիսի մարդիկ, որոնք որոշակի ազատություններ ունեն, տնտեսապես կախված չեն, բայց մյուս կողմից՝ մենք միջին բիզնես ունենք հենց թաղի տղաների մեջ՝ փոքր արտադրամասեր, խանութներ, հացի փռեր ունեցողներ, և այլն, որոնք իրականում բավականին կոռուպցիոն դաշտում են աշխատում: Եվ հենարանն այսօր գործող իշխանության նաև դա է:

Մի կողմից՝ օլիգարխներն են, մյուս կողմից՝ կոռուպցիոն ճահճի մեջ մտած միջին խավը, որը լինելով իշխանության հետ ինչ-որ հարաբերությունների մեջ՝ որոշակի արտոնություններ ունի և կարողանում է գլուխը պահել: Հիմա շատ կարևոր է, որ ընդդիմությունը հստակ մեսիջներ տա ոչ միայն՝ միջին խավին, որոնք մի կողմից՝ ընդդիմադիր են, բայց մյուս կողմից՝ մեծ թիվ չեն կազմում, բայց նաև սոցիալական ծանր վիճակում գտնվող խավին, նաև այն միջին խավի վրա շեշտ դրվի, որն այսօր կիսաֆեոդալ համակարգի մեջ է մտած: Թե ինչպես պետք է արվի դա, ես հստակ չգիտեմ, բայց այդ տեսլականը պետք է տրվի, որ իրական փոփոխություն լինի»,- ասաց Ա. Կիրակոսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս