Բաժիններ՝

«Ամեն կերպ պետք է շեշտենք, որ Փերինչեքի գործով Լոզանի դատարանի վճիռն իր ուժի մեջ է». Սարգիս Շահինյան

Ամեն կերպ պետք է շեշտենք, որ 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի դատարանի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացված վճիռն իր ուժն ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայի ֆեդերալ տրիբունալը չեղյալ է համարել թուրք ազգայնական Դողու Փերինչեքի դեմ ռասսայական խտրականություն պարունակող արտահայտությունների համար կայացված վճիռը: Այս մասին որոշումը դաշնային տրիբունալն ուղարկել է որոշումը կայացրած Վո (Vaud) կանտանի (կենտրոնը` Լոզան) դատարան:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք դատարանը կթողնի, որ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունն իր դիրքորոշումը հայտնի այս առումով, եւ արդյոք պատրաստ է ընդունելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք պետք է փորձենք տրամադրել դատարանին: Մինչեւ այս կետերը հստակ չլինեն, մեր կարողությունները, թերեւս, սահմանափակ են»,-ասաց Սարգիս Շահինյանը:

Դողու Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Ն ա, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: 2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ:

Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն< /i> դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները: ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած փաստաբանական թիմի կազմում են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս