Սուիցիդալ երկրավաճառություն

Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է, որը ոչ թե տոնական օր է, բնականաբար, այլ ինքնասպանությունների խնդրի ու ինքնասպանությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին բարձրաձայնելու խորհրդանշական ամսաթիվ։

Ինքնասպանության թեման Հայաստանին առնչվում է ոչ միայն այն պատճառով, որ հատկապես վերջին տարիներին ողբերգականորեն ավելացել են ինքնասպանությունների դեպքերը, այլ որովհետև անհատների ինքնասպանությունների թվի աճ արձանագրող Հայաստանը, մեծ հաշվով, ապրում է հանրային, պետական ինքնասպանության ռեժիմում։ Պարզապես դա ինքնասպանության տեսակ է, որը չի իրականացվում միանվագ ակտով, ու որը որևէ մեկը չի լուսանկարում ու չի ցուցադրում։ Ինքնասպանության ռեժիմը, որում ապրում է Հայաստանը, տևականություն ենթադրող սուիցիդ է, որն ավելի շատ նման է դանդաղ գործողության դեղահաբեր խմած ինքնասպանի, քան կամուրջից նետվողի օրինակին։

Հենց այդպիսի ինքնասպանության ռեժիմում է գտնվում պետությունը, որը կամովին կամ արտաքին պարտադրանքով ու այդ պարտադրանքին դիմակայել չկարողանալու անզորությամբ՝ այլ պետությանն է զիջում ու հանձնում, հանձնում ու նվիրաբերում պետության ու պետականության բոլոր ներքին բաղադրիչները։

Հենց այդպիսի ինքնասպանության ռեժիմում է գտնվում պետությունը, որի քաղաքական ու մնացած էլիտաները, որոնք էլիտաներ են այնքանով, որքանով օկուպացրել են իրական էլիտայի տեղը, ահա այդ էլիտաները սեփական անօրինականությունների իրագործման ճանապարհին փնտրում ու գտնում են բոլոր երևակայելի ու անպատկերացնելի միջոցները, բայց երբ հերթը հասնում է պետության անվտանգության ապահովմանն ու այլ երկրի տակ չխցկվելու հարցին՝ ասում են՝ այլ ելք չկա։

Հենց այդպիսի ինքնասպանության ռեժիմում է գտնվում պետությունը, որի հասարակությունն ընտրություններին սպասում է ոչ թե՝ փոփոխությունների, այլ՝ ընտրակեղծարարությանը մասնակից դառնալու հնարավորություն ստանալու ու մի քանի կոպեկ պոկելու ակնկալիքով՝ մինչև հաջորդ ընտրություն ընկած ժամանակահատվածը հանրային լացն ավելի մորմոքիչ դարձնելու ու ժամանակ առ ժամանակ էպոսային որևէ ծռի պաշտելու նպատակով։

Հենց այդպիսի ինքնասպանության ռեժիմում է գտնվում պետությունը, որի ուսուցիչները երկրպագում են թերուսներին, ու որի թերուսները որոշում են ուսուցիչների ուսուցանելիքը, որի մտավորականները քծնում են գիրքը որպես պատվանդան օգտագործող պատգամավորին ու օլիգարխին՝ հերթական բրոշյուրի տպագրության փողը պոկելու համար։

Հենց այդպիսի ինքնասպանության ռեժիմում է գտնվում պետությունը, որում ուսյալները ծառայում են տգետներին, ու տգետները ծառայում են ավելի տգետներին՝ հանուն այդ՝ տևական ինքնասպանության ռեժիմի երկարաձգման ու այն հնարավորության, որպեսզի սուիցիդի ակտի օրը հասցնեն թռնել այն երկրներն ու ծովափերը, որտեղ պետություններն ընդհանրապես ինքնասպանություն չեն գործում, իսկ մարդիկ գրեթե չեն գործում, որովհետև իրենց նման էլիտաներ չունեն։

Ինքնասպանության ռիսկային գոտում գտնվող անհատների հետ աշխատում են հոգեբանները, հոգեբույժները, սոցիալական աշխատողները… բայց բոլորի աշխատանքն իմաստ է ունենում ու արդյունք է ապահովում միայն այն դեպքում, երբ ինքնասպանության պատրաստվողն այդ մեղքը գործելու հարցում կայացրած որոշման մեջ գոնե մի շրշյունի չափ տատանվում է։ Երբ որոշումը վերջնական է ներքուստ ու անառարկելի, աշխարհի բոլոր հոգեբանները, հոգեբույժներն ու սոցիալական աշխատողները՝ միասին վերցրած, անզոր են ինքնասպանին հետ պահելու հարցում։
Հայաստանի պարագան, դժբախտաբար, ավելի շատ նման է այս՝ վերջին, անառարկելի որոշում կայացրածի տարբերակին։ Որովհետև մեր հասարակության հանդուրժողականությունը, մասնակցողականությունն անհանդուրժելի երևույթներին հասցված է ինքնախարազանման այնպիսի մակարդակի, որ ինքնասպանությունը թվում է անխուսափելիորեն իրականանալի ու անառարկելիորեն անայլընտրանք։

Բայց որքա՜ն պայծառ են լինելու առավոտները, որ բացվելու են եվրասիականացման շնորհիվ եվրոպական եզերքներում ծվարել կարողացած երկրավաճառների ազնվական դղյակների պատուհաններից…

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս