DW-ն պարզաբանել է. իր լրագրողի այցը Ղարաբաղ կրել է ճանաչողական բնույթ
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադը, ում անունը Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստացել է ներառել իր այսպես կոչված «սև ցուցակում», այցելել է Լեռնային Ղարաբաղ ճանաչողական այցի շրջանակում` որպես մասնավոր անձ, այլ ոչ թե որպես DW-ի թղթակից, RIA Novosti-ին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Քրիստոֆ Յումպելտը:
«Մեր աշխատակից Նաոմի Կոնրադը ազատվել էր DW-ի աշխատանքից 3 շաբաթ առաջ, որպեսզի մասնակցի Կովկասի երկրներում մարդասիրական իրավիճակի թեմայի վերաբերյալ ուղևորությանը, ուղևորությունը ֆինանսավորվել էր Ռոբերտ Բոշի հիմնադրամի միջոցներով»,- ասել է նա:
Վերջինիս խոսքվ` դա եղել է Կոնրադի «անձնական նախաձեռնությունը»:
«Նա Հայաստանում է որպես DW-ի ներկայացուցիչ և չի աշխատում այնտեղ որպես լրագրող»,- հավելել է Յումպելտը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Նաոմի Կոնրադի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ նա «խախտել է» Ադրբեջանի օրենքները՝ առանց ադրբեջանական կողմի համաձայնության այցելելով Լեռնային Ղարաբաղ։
Նրա խոսքով` Կոնրադը խախտել է «Պետական սահմանի մասին» և «Երկրից դուրս գալու, երկիր մտնելու և անձնագրերի մասին» օրենքները, ինչպես նաև Միգրացիոն օրենսգիրքը։
«Համապատասխան հետաքննությունից հետո լրագրողի անունը կներառվի «անցանկալի անձանց ցուցակում»»,- ասել է Հաջիևը: