Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը կարգադրել է պատրաստվել միանալ Ռուսաստանին
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրաման է արձակել նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն:
Փաստաթուղթը հրապարակված է Մերձդնեստրի ղեկավարի կայքում:
Հրամանագիրն արձակվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքների իրագործման նպատակով:
Նորմատիվային ակտն անհրաժեշտ է՝ կատարելու «Մերձդնեստրի ժողովրդի կամքը` ազատորեն միանալու Ռուսաստանի Դաշնությանը»:
Առաջնահերթ խնդիրների թվում Շևչուկը թվարկել է հանրապետության իրավական համակարգը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու հարցը: Մերձդնեստրի կառավարությունն այդ նպատակով պետք է 2-շաբաթյա ժամկետում ստեղծի հատուկ հանձնաժողով, իսկ մինչև նոյեմբերի 1-ը Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության նախագահին պետք է ներկայացվի օրենսդրությունների համաժամանակեցման հստակ պլան:
Նշվում է , որ ՌԴ օրենքներին չհամապատասխանող նորմատիվային ակտերը պետք է որոշվեն` որպես կիրառմանը ոչ ենթակա:
Իր հերթին՝ Մոլդավայի կառավարությանը կից Վերաինտեգրման բյուրոն Շևչուկի հրամանագիրը համարել է «անվավեր և վրդովվեցուցիչ»:
Մոլդավացի պաշտոնյաների խոսքով` Շևչուկի նախաձեռնությունը խաթարում է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման ջանքերը:
Մերձդնեստրն անկախություն է հռչակել 1990-ականների սկզբին: Ռուսաստանը հանրապետությանը տնտեսական օգնություն է ցուցաբերում:
2006թ սեպտեմբերին Մերձդնեստրում կայացավ հանրաքվե, որի ընթացքում ընտրողների մեծ մասը քվեարկեց անկախության օգտին, որին պետք է հաջորդեր Ռուսաստանին անդամակցությունը:



