Բաժիններ՝

Պետությունը վերանայել է սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականությունը

ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշում է կայացվել վերանայել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հիշեցնելով, որ ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել սրտային վիրահատության` հատկապես ինվազիվ միջամտությունների ոլորտում։ Մուրադյանի խոսքով` այսօր էլ երկիրն ապահովված է լավագույն մասնագետներով, անհրաժեշտ բժշկական տեխնոլոգիաներով, իսկ որ ամենակարևորն է` տարիների ընթացքում հաստատվեց, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ սրտի վիրահատական ծառայություններ։

«Շուրջ 20 տարվա ընթացքում, զարգացնելով Հայաստանի Հանրապետությունում սրտի վիրահատական ծառայությունները, 1 մասնագիտական կենտրոնից այսօր արդեն իսկ 11 բժշկական կազմակերպությունում առկա են ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքներ: Նամանավանդ, որդեգրելով կառավարության մարզերի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը, վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում իրականացնող 11 բժշկական կենտրոնից երկուսը գործում են Շիրակի և Սյունիքի մարզերում:

Ելնելով ստեղծված իրավիճակից` հաշվի առնելով ինտերվենցիոն սրտաբանություն իրականացնող բժշկական կազմակերպությունների քանակի ավելացումը, մարդկային ներուժի բավարար ապահովվածությունը ոլորտում, ինտերվենցիոն սրտաբանության դեպքերի քանակի տարեցտարի աճը, պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների հերթագրումների ավելացումը և հիվանդների աճող արտահոսքը հարևան երկիր (ներկա պահին, ըստ մեր տեղեկությունների, 2016 թվականին Վրաստանի Հանրապետությունում ստենտավորվել են 49 հիվանդ, սակայն տեղեկատվությունը համարում ենք ոչ լիարժեք), ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացվեց որոշում սրտաբանական ծառայությունն երի գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ»,-ասաց Մուրադյանը:

Նախարարի խոսքով` դեռևս 2015 թվականի «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը ներդնելու ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են տնտեսագիտական հաշվարկներ ոչ դեղապատ ստենտի տեղադրման գնի վերաբերյալ: Ծրագիրը հաստատվել է 700 հազար դրամի շրջանակներում` մեկ դեպքի փոխհատուցմամբ, գործող 1 մլն 100 հազար դրամի փոխարեն, որից հետո պարբերաբար անցկացվել են սահմանված կարգով քննարկումներ` դեղապատ և ոչ դեղապատ ստենտների տեղադրման գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ : Արդյունքում, վերանայվել են պետական պատվերի փոխհատուցման առաջարկվող գները: Ըստ Մուրադյանի` վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ, որը նույն ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավորություն կտա շուրջ 30 դեպքով ավելացնելու փոխհատուցվող սրտի վիրահատական միջամտությունների թիվը:

Ըստ նրա` հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվում է «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղը: Սանոֆի Ավենտիս դեղագործական ընկերության արտադրության դեղի ներկրման գինը մինչ օրս եղել է 18,72 (ներառյալ ԱԱՀ) եվրո կամ 9950 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մանրածախ օղակներում վաճառվում է 10530-12000 դրամով: 2016 թվականի սեպտեմբերի 7-ի Սանոֆի Ավենտիս դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացուցչության կողմից ստացվել է գրություն Պլավիքս 75 մգ N 14 դեղի նոր գնային առաջարկի վերաբերյալ` նոր խմբաքանակի ներկրման գինը կկազմի 7,89 եվրո (ներառյալ ԱԱՀ) կամ 4210 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է վերանայել վճարովի ծառայությունների գները` այն համահունչ դարձնելով պետական պատվերով մատուցվող ծառայությունների գներին:

Առաջինը արձագանքել են «Գյումրու բժշկական կենտրոն»-ը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը»: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ:

Իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալում ենք, որ բնակչության համար կապահովվի սրտային ծառայությունների մատչելիություն, կնվազեն հերթագրումները, երկրից հիվանդների արտահոսքը, կբարելավվեն սրտանոթային հիվանդությունների մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշները: Իսկ, որ ամենակարևորն է, կբարձրանա բնակչության կողմից սրտի վիրահատական ծառայությունների մատուցման վերաբերյալ գոհունակությունը»,- ասաց Մուրադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս