ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության և Արագ արձագանքման վարչության մասնագետները 2016 թվականի սեպտեմբերի 7-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Հանդիպումներ են տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող Անդրիաս Ղուկասյանի և այլ անձանց հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վերջիններիս հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները:
Ա. Ղուկասյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկակական սպասարկման բաժնի հիվանդասենյակ, որտեղ կրկին պահվում է առանձին:
Ա. Ղուկասյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ ապահովված են հացադուլը դադարեցնելուց հետո համապատասխան սննդակարգին անցնելու համար անհրաժեշտ պայմանները, բժշկական սպասարկման բաժնի բժիշկն ամեն օր այցելում է վերջինիս, նախատեսվում է իրականացնել ևս մեկ բժշկական հետազոտություն: Այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է:
Ա. Ղուկասյանի կողմից հացադուլը դադարեցնելուց հետո կատարված այցելության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրել են վերջինիս բժշկական փաստաթղթերը և ստացել դրանց պատճենները: