«Աղվան Հովսեփյանն արձակուրդում է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին». Գոռ Աբրահամյան
Ապարանի ՀՀԿ գրասենյակն Ապարանի քաղաքապետի թեկնածու, արդեն երկար տարիներ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանից պահանջել է իր նախընտրական շտաբը հանել կուսակցության գրասենյակի տարածքից: Աբրահամյանը, որի թեկնածությունն առաջադրել ու սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, այժմ վարձակալել է հարևանությամբ գտնվող տարածքը: Թե ինչո՞ւ է կուսակցությունը նման պահանջ ներկայացրել Գոռ Աբրահամյանին, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը 168.am-ին պարզաբանեց, որ խնդիրը կուսակցության գործունեությունն ապահովելն է:
«Մեր գրասենյակը պետք է իր նորմալ կուսակցական գործունեությունը վարի, իսկ թեկնածուներն ազատ են իրենք իրենց գրասենյակը տեղադրելու՝ որտեղ օրենքը թույլ է տալիս»,- ասաց Ռ.Թադևոսյանը:
Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մրցակիցն էր բողոքել, թե իբր կուսակցության գրասենյակում իրավունք չկա շտաբ տեղադրելու, կամ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն թեկնածուների համար: Աբրահամյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած նոր տարածքն անհատ ձեռնարկատիրոջ է պատկանում: Նա հերքեց, որ այն «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության տարածքն է. ««Նիգ-Ապարանի» տարածքի բանալին էլ է մեզ մոտ, կարող ենք բացել, բայց, չէ, մասնավոր ԱՁ-ի տարածք է»,- ասաց նա:
Հարցին, թե նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի, աջակցել է Գոռ Աբրահամյանին, արդյոք այս անգա՞մ էլ է աջակցելու իրեն, Աբրահամյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանը արձակուրդում է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին: «Նիգ-Ապարանի» մյուս անդամներն իմ ընկերներն են, իհարկե, ինձ կաջակցեն, իմ կարծիքով: Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը»:
Դիտարկմանը, որ Ռ.Թադևոսյանը հերքել է ավելի վաղ մեզ հետ զրույցում Աբրահամյանի արած հայտարարությունը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանում է իր թեկնածությունը, և նշել, որ դա բացարձակապես կապ չունի իրականության հետ, ընդամենը քաղաքական մանիպուլյացիայի անհաջող օրինակ է, գործող քաղաքապետը պատասխանեց. «Դա կարող եք ուղղել միայն նախագահին, որովհետև ես նախագահի անունից երբեք ստահոդ հայտարարություններ չեմ անի: Ես էդ մակարդակը չունեմ, որ ինձ նման բաներ թույլ տամ: Ինչը ճիշտ է, ես էն եմ ասում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք Ապարանի քաղաքապետի ընտրություններում տարօրինակ իրավիճակ է՝ առաջադրված 2 թեկնածուներն էլ ստացել են հանրապետականների՝ ՀՀԿ-ի աջակցությունը. գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանին սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, իսկ անկուսակցական գործարար Էդգար Փարվանյանը ստացել է ՀՀԿ-ի Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության աջակցությունը: