ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում թուրքական զորքերի առաջխաղացման առնչությամբ
Ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է թուրքական զորքերի և նրանց աջակցությունը վայելող զինված սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջխաղացմամբ Սիրիայի տարածքում, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«ՌԴ ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնում` կապված թուրքական զորքերի և նրանց աջակցությունը վայելող զինված սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջխաղացմամբ Սիրիայի տարածքի խորքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մեջ:
«Ուշադրություն ենք հրավիրում այն բանին, որ այդ գործողություններն իրականացվում են առանց Սիրիայի լեգիտիմ իշխանությունների հետ համաձայնության և առանց հավանության արժանանալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:
Գերատեսչությունում նշել են, որ դրանով «կասկածի տակ է դրվում Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» գործողությունը, որը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով, ուղղված է Սիրիայի Ջարաբլուս քաղաքին հարակից շրջանների ազատագրմանը: