Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը ևս 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 2014թ. Ղրիմի բռնակցման պատճառով: Այս մասին այսօր հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը իր Twitter-ում:
Որոշումն առնչվում է 146 մարդու և 37 իրավաբանական անձի Ռուսաստանից, Ուկրաինայից և Ղրիմից:
Ինչպես հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի թղթակիցը Բրյուսելից, սեպտեմբերի 15-ին, երբ ներկայիս պատժամիջոցների գործողության ժամկետը կսպառվի, այդ որոշումը կհրապարակվի:
«Նշված են 27 ընկերություններ, հիմնականում դրանք Ղրիմի տարածքում գործող ընկերություններ են, բացի այդ, կա նաև ռուսական բանկ»,- հայտնել է թղթակիցը:
Կան նաև առանձին` անհատական պատժամիջոցներ, որոնք նախատեսում են ԵՄ մուտքի արգելք և ԵՄ տարածքում ակտիվների սառեցում: