«Կարող է՝ սեմուշկա էլ բաժանեն». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ընտրակաշառքների բաժանման մասին

«Կարծում եմ՝ այս ՏԻՄ ընտրություններն ավելի ակտիվ և սուր է ընթանում՝ այն առումով, որ ավելի շատ կուսակցություններ են մասնակցում. այդ պայմաններում՝ այն որակապես կտարբերվի նախորդ ՏԻՄ ընտրություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով ՀՀ-ում սեպտեմբերի 18-ին մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին։

Լ. Ալեքսանյանը շատ է կարևորում ՏԻՄ ընտրությունները։ Նա համարում է, որ, երբ մարդը, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը փորձում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է սկսի ՏԻՄ ընտրություններից՝ մարդկանց հետ հարաբերվելուց։ Պատգամավորը կարծում է՝ այս անգամ ընտրություններն ավելի թափանցիկ կլինեն։

Հարցին, թե ՀՀԿ-ն այլևս ընտրակաշառք չի՞ բաժանելու, մարդկանց չի՞ ահաբեկելու, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել»։

Լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ դեպքում ե՞րբ եք բաժանել՝ համապետական ընտրությունների՞ն, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի անգամ չենք բաժանել։ Խնդրում եմ, ինձ նման պրովոկացիոն տիպի հարցեր մի տվեք։ Իսկ ո՞վ է ասել, որ բաժանել ենք, ես ասել եմ՝ ինչ-որ ժամանակ բաժանե՞լ ենք»։

Դիտարկմանը՝ թե՝ սենդվիչները չէի՞ն դասվում ընտրակաշառքի մեջ, Լ. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչը, սենդվիչնե՞րը։ Մարդ կա՝ կարող է դա ընտրակաշառք համարի, մարդ կա՝ կարող է դա բարեգործություն համարի։ Ընտրակաշառքի և բարեգործության շփման գիծը շատ նեղ է։ Նայած՝ ինչ աչքերով ես նայում»։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե՝ հիմա էլ որոշ գյուղերում խաշլամա են բաժանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Կարող է՝ սեմուշկա էլ բաժանեն, ինչ-որ մեկը կարող է՝ իր հարևանին սեմուշկա տա, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն է բաժանում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս