Թաջ Մահալի մերձակայքում միջազգային օդանավակայան կկառուցվի. NDTV
Օտարերկրացի այն զբոսաշրջիկները, որոնք մտադրվում են այցելել Թաջ Մահալ, հնարավոր է, շուտով ստիպված չեն լինի մեկնել երկրի մայրաքաղաք, այնտեղից էլ մոտավորապես 200 կիլոմետր՝ մինչեւ տեսարժան վայր:
Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ութար Փրադեշի նահանգի կառավարությունը, Ագրա քաղաքի շրջանում՝ հռչակավոր դամբարանի եւ դրան սահմանակից տեսարժան վայրերի անմիջական մերձակայքում կհայտնվի ժամանակակից միջազգային օդանավակայան:
Մարդատար չվերթերի համար թռիչքավայրէջքային գոտին պլանավորվում է տեղավորել հին ռազմական օդանավակայանի տարածքում, որի շահագործմանը քաղաքացիական նպատակներով հավանություն է տվել երկրի պաշտպանության նախարարությունը: «Աշխատանքները շուտով կսկսվեն, մենք պլանավորում ենք դրանք ավարտել 2017 թվականի մարտին»,- լրագրողներին հայտնել է նահանգի վարչակազմի ներկայացուցիչ Դիփաք Սինգալը: Ութար Փրադեշի իշխանությունները պատրաստվում են նախագծի համար տրամադրել շուրջ 1 միլիարդ ռուփի (շուրջ 15 միլիոն դոլար):
Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան Ագրա են այցելում շուրջ 6,5 միլիոն հնդկաստանցի զբոսաշրջիկներ եւ 700 հազար օտարերկրացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: