Օգոստոսին Ռուսաստանի Պահուստային հիմնադրամը կրճատվել է 470 մլրդ ռուբլով
Ռուսաստանի Պահուստային հիմնադրամի ծավալը 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2,09 տրլն ռուբլի` օգոստոսի 1-ի 2,56 տրլն ռուբլու դիմաց, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդկերպ, 1 ամսվա ընթացքում Ռուսաստանի Պահուստային հիմնադրամը կրճատվել է 470 միլիարդ ռուբլով:
Համաձայն ՌԴ ֆինանսների նախարարության կայքի հաղորդագրության` օգոստոսին հիմնադրամի միջոցների մի մասից, որը գտնվել է Ռուսաստանի բանկի հաշվեհամարներում օտարերկրյա արժույթով, իրացվել է 390 մլրդ ռուբլի: Այդ գումարներն ուղղվել են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Հիմնադրամի գումարները նվազել են նաև տարադրամի փոխարժեքի տատանման հետևանքով:
Պահուստային հիմնադրամի վիճակը հատկապես անհանգստացնում է ՌԴ ֆինանսների նախարարությանը: Հիմնադրամն օգտագործվում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար, որը ավելացնել է նավթի գնանկման և ՌԴ-ի տնտեսական անկման պայմաններում:
Արդյունքում` Պահուստային հիմնադրամը սրընթաց կրճատվում է: Դեռևս տարեսկզբին հիմնադրամի ընդհանուր ծավալը գերազանցում էր 3,6 տրլն ռուբլին, իսկ 2015թ. հունվարին այն գրեթե 5 տրլն ռուբլի էր կազմում: