Դիվանագիտական հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունք կկիրառվի՞ ՌԴ որևէ քաղաքացու նկատմամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ պատասխան չի ստացել ՌԴ ԱԳՆ-ից` Ռուսաստանից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արտաքսման մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին` դիվանագիտական հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունք կկիրառվի՞ ՌԴ որևէ քաղաքացու նկատմամբ, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ ցանկացած երկրի իրավունքն է, առանց նույնիսկ որևէ բացատրություն տալու, համապատասխան քայլեր կիրառել, ինչը բխում է Վիեննայի կոնվենցիայից:
«Ուղղակի այս դեպքն արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, այդպիսի նախադեպ է եղել: Դրա համար մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ և սպասում ենք պատասխանի»,- ասաց Շ.Քոչարյանը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել արգելվել է օգոստոսի 30-ին, երբ առավոտյան 08:00-ին նա ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան՝ 2014թ-ին Ռուսաստանում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու նպատակով, որի համար նա ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։ Սակայն Գրիգորյանին ձերբակալել են ռուս սահմանապահները և տեղեկացրել, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ.։ Դրա համար հղում է արվել «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որի 26-րդ հոդվածի 9-րդ կետով վտարվում են այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեություններին։