Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Բարաք Օբամայից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ափսոսանք է հայտնում իր արտահայտությունների համար, որոնք «մեկնաբանվել են որպես անձնական հարձակում» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վրա: Ինչպես հայտնել է CNN-ը՝ հղում անելով հայտարարության տեքստին, կողմերը պայմանավորվել են հանդիպումն անցկացնել ավելի ուշ:
«Մենք անպայմանորեն կհարթենք ազգային գերակայություններից ու պատկերացումներից բխող բոլոր հակասությունները»,-ասված է հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Ֆիլիպինների ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի հետ: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Դուտերտեն Օբամայի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել թմրավաճառների նկատմամբ Ֆիլիպինների իշխանությունների քաղաքականության քննադատության համար:
Ենթադրվում էր, որ երկու պետությունների ղեկավարներն այս շաբաթ կհանդիպեն Լաոսում, ուր Օբաման կժամանի Հարավարեւելյան Ասիայի երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Դուտերտեի հետ հանդիպման փոխարեն Օբաման կզրուցի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի հետ:
Սեպտեմբերի 4-ին Դուտերտեն Օբամային անվանել է պոռնիկի որդի եւ նրան խորհուրդ է տվել մարդու իրավունքների պաշտպանության խրատներով մեջ չընկնել: «Դու պետք է հարգանք դրսեւորես: Հարցերով ու հայտարարություններով վրա տալու կարիք չկա: Պոռնիկի որդի, ես գլխիդ նզովք կթափեմ գագաթնաժողովին»,- հայտարարել է նա: Դրանց հետո Օբաման կասկած է հայտնել հանդիպման նպատակահարմարության հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: