«Շատ ավելի լավ կլիներ, որ լիներ ուղղակի ու անմիջական զրույց նախագահների միջև, և ոչ միայն՝ երկուսի ֆորմատով, այլ՝ 3 +2-ի ֆորմատով». Գառնիկ Իսագուլյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
168.am-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը
– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ձեզ համար ի՞նչ հիմնական շեշտադրումներ և մեսիջներ կային, և ո՞ւմ էին ուղղված այդ մեսիջները։
– Ես միշտ էլ բարձր եմ գնահատել, երբ թե´ Հայաստանի Հանրապետության և թե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներն իրենց տեսակետներն են հայտնել մեր երկու հայկական պետություններում ընթացող գործընթացների վերաբերյալ, և հատկապես՝ արտաքին ու ներքին քաղաքականության, պաշտպանունակության և ազգային անվտանգության խնդիրների առնչությամբ: Շեշտադրումների ու մեսիջների առումով, անկեղծ ասած, որևէ ասելիք չունեմ, քանզի գտնում եմ, որ այդ խնդիրների վերաբերյալ շատ ավելի լավ կլիներ, որ լիներ ուղղակի ու անմիջական զրույց նախագահների միջև, և ոչ միայն՝ երկուսի ֆորմատով, այլ՝ 3 +2-ի ֆորմատով: Այդ կապակցությամբ ես բազմիցս նախաձեռնություններ եմ ցուցաբերել, սակայն, ցավոք, դրանք մնացել են անարձագանք և չեն ստացել գործնական կիրառություն կյանքում: Ինձ թվում էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունը կլինի այն միավորող իրադարձությունը, որտեղ կիրականանար երկու հայկական պետությունների համար այդչափ կարևոր 3+2 ֆորմատի հանդիպումը, սակայն, ավաղ… ունենք այն, ինչ ունենք՝ այն հույսով, որ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ, որից հետո շեշտադրումների ու մեսիջների վերլուծության անհրաժեշտությունը կմնա այլ պետությունների ղեկավարների ու միջազգային կառույցների կողմից Հայաստանին ու Արցախին վերաբերող հարցազրույցների ու հայտարարությունների մասով:
– Երկրորդ նախագահն իր հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան կոնֆլիկտին ու որոշակի մտահոգություններ հայտնել՝ ասելով, որ «այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում». «Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և, իհարկե, ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա: Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մարտահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք»: Կիսո՞ւմ եք նախագահի մտահոգությունները, և ըստ Ձեզ՝ որքանո՞վ մեր իշխանությունները կկարողանան «վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մարտահրավերներին»։
– Առկա մարտահրավերների մասով ամբողջությամբ կիսում եմ ԼՂՀ առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ պարոն Քոչարյանի մտահոգություններն և կարող եմ փաստել, որ առկա իրողությունների պայմաններում այս ամենին դեմ հանդիման միակ ու անփոխարինելի դեղամիջոցը մեր միասնականությունն է: Այս առումով մեզանից յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ մի կողմ դնել անձնական փոխհարաբերությունների ցանկացած դրսևորում և փորձել ընդհանուր սեղանի շուրջ, միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝ բարձրաձայնել մտահոգությունները, մատնանշել սխալները, առաջարկել սեփական մոտեցումներն և փորձել կենդանի ու առողջ բանավեճի միջոցով առաջադրել առկա խնդիրների լուծման մեխանիզմները, դա կլինի այն լավագույն միջոցը, որը կառողջացնի թե´ հասարակության մեջ առաջացած խոր հիասթափությունը, թե´ կսթափեցնի իշխանություններին ու լավագույնս կնպաստի ցանկացած մարտահրավերի դիմակայմանը:
– Ռ. Քոչարյանն անդրադառնում է նաև «Սասնա ծռեր» խմբի գործողություններին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նկատելով, որ հասարակության արձագանքը «Սասնա ծռերի» գործողությանը ցույց է տալիս, որ երկիրն ապրելու է վառոդի տակառի վրա, եթե արմատական ռեֆորմներ չիրականացվեն: Նախագահը կարծես ակնարկում է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն իշխանություններն են, որոնք պետք է բարեփոխումներ իրականացնեն, որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն։ Հաշվի առնելով Ձեր ակտիվ մասնակացությունն այդ օրերի բանակցային գործընթացներին՝ ի՞նչ կարող եք ասել Ռ. Քոչարյանի այդ մտքի մասին, համաձա՞յն եք նրա հետ այս հարցում։
– «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրը ես առիթ ունեցել եմ անդրադառնալ այս խնդրին և միանշանակ ու աներկբա ասել եմ, որ այս հարցում մեղավոր են ոչ միայն իշխանությունները, այլև բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը՝ միասին վերցրած, հասարակությունն ինքը, որ շատ դեպքերում տուրք տալով տարբեր «խարդավանքների»՝ չի կարողացել իրացնել իր իսկական իրավունքը, մեզանից յուրաքանչյուրը՝ իր անտարբերությամբ, պասիվությամբ և հանցավոր անգործությամբ: Տեղի ունեցածն աննախադեպ էր, և չէր կարելի թույլ տալ, որ այն դառնար նախադեպ հայկական պետությունների քաղաքական կյանքում: Փառք Աստծո, որ խնդիրը հանգուցալուծում ստացավ մինիմալ կորուստների գնով (մեր խորին ցավակցությունը զոհված ոստիկանների ընտանիքներին ու հարազատներին): Եվ արմատական ռեֆորմներ ոչ միայն պետք է կատարեն իշխանությունները (որն անչափ կարևոր է), միայն այդ կարգով հարցը չի կարող ամբողջական լուծում ստանալ, մեզանից յուրաքանչյուրը՝ թե´ անհատապես, թե´ գաղափարական իր կողմնակիցներով, պետք է ռեֆորմի ենթարկվի: Մենք պետք է առանց բացառության իրար հետ խոսելու, քննարկելու և առաջարկություններ անելու համարձակությունն ունենանք: Եվ այս առումով առաջին քայլի պատիվն ու իրավունքն առաջնահերթության կարգով վերապահված է նրանց, ովքեր ժամանակին կրել են ու այժմ էլ կրում են ամենամեծ պատասխանատվությունը:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա Ռ. Քոչարյանը որոշեց հարցազրույց տալ։
– Դա պարոն Քոչարյանի բացառիկ իրավունքն է, և նա է որոշում իր գործողությունների ձևն ու ժամանակը: