Օբաման թերահավատորեն է վերաբերվում Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի հետ Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագի կնքման հնարավորությանը, հայտնում է BBC-ն:
Օբաման այդ հայտարարությունն արել է Չինաստանում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ժամանել է՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթաժողովին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լուրջ տարաձայնություններ ունեն այն մասին, թե ինչ կոնկրետ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել մինչ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտը և այն մասին, թե հատկապես որ ընդդիմադիր խմբավորումներին պետք է հարվածներ հասցնեն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:
Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, անհրաժեշտ է շարունակել պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակով փորձերը, և երկու երկրների ներկայացուցիչները դրա վրա աշխատում են շուրջօրյա:
«Մենք դեռ նպատակին մոտ չենք: Կարծում եմ՝ վաղաժամ է ասել, թե մեր առաջ բաց ճանապարհ է, թեև կա ինչ-որ առաջընթաց գրանցելու շանս»,- ասել է Օբաման լրագրողներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո:
Մեյն իր հերթին կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել խաղաղ բնակչությանն ուղղված հարվածները և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիական քաղաքներ մարդասիրական օգնություն հասցվի:
Օբաման Ռուսաստանի հետ բանակցություններն անվանել է «առանցքային»՝ Սիրիայում արնահեղությունը դադարեցնելու տեսակետից:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում են բանակցությունները չինական Հանչժոուում՝ կապված Սիրիայի կառավարական ուժերի և չափավոր ընդդիմության միջև հրադադարի հաստատման, մարդասիրական օգնության հաղթահարման, Վաշինգտոնի և Մոսկվայի ջանքերի միավորման հարցերը՝ ընդդեմ ԴԱԻՇ-ի: