Հայաստանն «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգի համար հայտավորել է «Երկրաշարժ» ֆիլմը
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը նվիրված էր Հայաստանի կողմից Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական ֆիլմի առաջադրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայկական կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկարի» կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին:
Քվեարկությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին փուլում 24 կինոակադեմիկոսներից ութը դեմ քվերակեցին ներկայացված երեք ֆիլմերին, 5 ձայն ստացավ «Երկրաշարժ» ֆիլմը, 3 ձայն՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը, 7-ը ձայն տրվեց Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմին, գրանցվեց մեկ անվավեր ձայն: Երկրորդ փուլ անցան Ջիվան Ավետիսյանի և Սարիկ Անդրեասյանի ֆիլմերը:
Քվեարկության երկրորդ փուլում 24 կինոակադեմիկոսներից 9-ը դեմ քվեարկեցին ներկայաված ֆիլմերին, մյուս 9-ը՝ իրենց ձայնը տվեցին «Երկրաշարժ» ֆիլմին, իսկ 6-ը քվեարկեցին «Վերջին բնակիչը» կինոնկարի օգտին: Արդյունքում կինոակադեմիայի անդամներն ընտրեցին Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը:
Ըստ Կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանը ֆիլմ ներկայացնի «Օսկարի» նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը: «Մենք երեք ֆիլմի հայտ ենք ստացել: Հայաստանի համար սա աննախադեպ երևույթ է, քանի որ քիչ կինոնկարներ են նկարահանվում և ներկայացվում»,- նշեց կինոակադեմիայի նախագահը:
Կինոակադեմիկոսների հավաստմամբ՝ հաջորդ տարի հայտ ներկայացնող ֆիլմերի առաջ ավելի մեծ պահանջներ կդրվեն