Հայաստանի 19 թշնամիները
Այո, թվաբանորեն հենց այդքան են հաշվվում այն միավորները, որոնք իրենց գործունեությամբ, իրենց իրական, հայտարարված ու ավելի շատ իրական, բայց չհայտարարված սեփականատերերին ու սեփականատերերի սեփականատերերին գերշահույթներ ապահովելով՝ խոչընդոտում, արգելակում, արգելակելով՝ ոչ թե՝ դանդաղեցնում, այլ հակաաճեցնում են Հայաստանի տնտեսության զարգացումը՝ ընդհանուր առմամբ, ու Հայաստանում դեռևս մնացած քաղաքացիների կյանքը՝ մասնավորապես։
Խոսքն այն 19 հաստատությունների մասին է, որոնց, համաշխարհային տնտեսագիտության հանդեպ անպարկեշտ վերաբերմունք ցուցաբերելով՝ անվանում ենք բանկեր։ Խոսքն այն 19 հաստատությունների մասին է, որոնք բանկեր են կոչվում միայն այն պատճառով, որ Հայաստանի օրենսդրությունը չունի օրենք «Վաշխառուական» կամ «Հարստահարիչ գործունեության» մասին։ Ու այդպիսի օրենք չունենալով, ունի օրենք «Բանկային գործունեության մասին», և բոլոր նրանք, ովքեր կարողանում են ապահովել այդ օրենքով սահմանված ֆինանսական նորմատիվը, որն իրականում նորմատիվ չէ, այլ «խոդի ստավկա», ինչպես խաղատներում, ահա բոլոր դրանք ստեղծել են կառույցներ, որոնցով իրականացնում են ոչ թե բանկային, այլ հարստահարման գործունեություն։ Օրենքով։ Ու նաև Կենտրոնական բանկի բոլոր նորմատիվներով։ Ու նաև գործող ու նախկին իշխանության բարձր, գերբարձր հովանու ներքո։
Այն, ինչ նույնքան անպարկեշտորեն անվանում ենք բանկային համակարգ, շատ նման է այն անպարկեշտությանը, որով բնորոշում ենք քաղաքական համակարգ կոչվածը։
Որովհետև, ինչպես Հայաստանում չկա քաղաքականություն՝ որպես այդպիսին, այնպես էլ չկա տնտեսություն, ու չկան բանկեր՝ որպես այդպիսին, ու հետևաբար՝ դրա հիման վրա գործողը հաստատ ամեն ինչ է, բացի բանկային համակարգից։ Որովհետև, ինչպես քաղաքականությունն է կառուցված միակուսակցականության սկզբունքով, և Հանրապետականից բացի՝ մյուս կուսակցությունները ֆոնային նշանակություն ու ընդամենը քաղաքական մենաշնորհը ծածկող ցուցափեղկի դեր ունեն, այնպես էլ գործում են բանկերը՝ իրականում նույն, լավագույն դեպքում՝ հաշված թվով սեփականատերերի փողը, շատ փողն ավելի շատ դարձնելու նպատակով։ Իսկ դա կապ ունի տնտեսության ու տնտեսության անբաժանելի մաս հանդիսացող բանկային համակարգի հետ այնքանով, որքանով ՀՀԿ-ի տատիկը կապ ունի միջուկային անվտանգության արդի հիմնախնդիրների հետ։
Այցելեք 19 բանկերի կայքերը և կգտնեք 19 տարբեր ծրագրավորողների աշխատանքներ՝ նույն բանի մասին, այն մասին, թե ինչպես են 19 իբրև թե անկախ ու առանձին միավորներ ընդունում ավանդներ միևնույն տոկոսադրույքով ու տրամադրում վարկեր միևնույն տոկոսադրույքով։ Դիտեք 19 բանկերի գովազդային հոլովակները և կտեսնեք 19 ռեժիսորների՝ հիմնականում անճաշակ աշխատանքի արդյունքը՝ կրկին նույն բանի մասին։ Կարդացեք պաշտոնական ու ոստիկանական ու ԴԱՀԿ-ական լրահոսը ու կընթերցեք 19 հաղորդագրություններ գրողների՝ կետադրական նշաններով տարբերվող տեքստեր այն մասին, թե ինչպես են 19 իբրև թե տարբեր սուբյեկտներ նույն կերպ իրենց բնակարաններից դուրս շպրտում մարդկանց՝ լավագույն դեպքում՝ 19 տոկոս տոկոսադրույքով վերցված վարկի մարումը 19 օր ուշացնելու պատճառով։
Հայաստանի տնտեսական զարգացման բացակայության ու տնտեսական աղետի ներկայության համար մեղավոր են ոչ միայն ու ոչ այնքան՝ կառավարությունը, տնտեսական ոլորտի պատասխանատուները և մյուս բոլորը, որքան՝ հենց այդ 19 բանկերը։ Իրենց հայտարարվող սեփականատերերով ու սեփականատերերի իրական սեփականատերերով, որոնք, ի դեպ, շատ դեպքերում նույնական են ոչ այնքան մեղավորների, այսինքն՝ պատասխանատուների, հետևաբար՝ պաշտոնյաների, ուստի՝ իշխանության հետ։ Ահա նրանք աշխարհում իրականում ամենաէժան ապրանքը՝ փողը, Հայաստանում վաճառում են աշխարհում ամենաթանկ գնով ու ստանում են աշխարհում նախադեպը չունեցող գերշահույթներ։
Այդ գործունեությունը խստորեն վերահսկվում է, այդ համակարգը ոչ յուրայինների համար փակ է, ինչպես այդ համակարգը կերտածների ու սպասարկողների բանականության ու ողջամտության դուռը կամ պատուհանը կամ քղանցքը։ Այդ համակարգի աշխատանքի արտաքին, մակերեսային մասը բաց է, ու հրապարակային է ու շողշողուն է՝ ինչպես բանկերի թանկարժեք մասնաշենքերն ու բանկերի՝ ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների էժանագին բիժուտերիան։
Բայց այդ համակարգը խորքում աշխատում է միանգամայն այլ կանոններով ու նորմատիվներով, որոնք որևէ աղերս չունեն Կենտրոնական բանկի, Բազել 1-ի, 2-ի ու անգամ 12-ի հետ ու գրվում են սենյակներում, որոնք տեղակայված են նույնքան ճոխ, սակայն ամենևին՝ ոչ բանկային մասնաշենքերում։ 19 բանկերը, գուցե եզակի բացառություններով, իրականում հայաստանյան մի քանի սուբյեկտների ֆինանսական գործակալներն են, որոնք հաստատված կանոններով երկրաչափական պրոգրեսիայով աճեցնում են մի քանի անհատների կարողությունը։ Իսկ բանկերից մի քանիսը, որոնք արտասահմանյան մասնաճյուղեր են, մուտք են գործել համակարգ՝ ընդունելով չգրված կանոնները, որոնք գրվում են ոչ բանկային համակարգի մասնաշենքերում տեղակայված աշխատասենյակներում։
Նրանք ընդունել են խաղի կանոնը՝ պարտավորվելով չպատասխանել հարցին, ոչ միայն չպատասխանել, այլ անգամ չմտածել հարցի մասին՝ ինչպե՞ս է, որ 3, 4, լավագույն դեպքում՝ 6-7 տոկոսով վարկ տրամադրելու նպատակով հաճախորդի համար մրցակցության մեջ իրար կոտորող ամերիկյան, եվրոպական կամ ասիական բանկերը նույնիսկ փորձ չեն անում մտնել Հայաստանի բանկային համակարգ ու փող վաճառել կրկնակի, եռակի թանկ գնով։ Պարտավորվել են չմտածել՝ վաշխառությամբ զբաղվելու ինդուլգենցիայի դիմաց։
Բանկային համակարգի վերաբերյալ հրապարակվող ցուցանիշները, հաշվետվությունները վերլուծվում են ամենայն մանրամասնությամբ ու ստորակետի ճշտությամբ, այդ վերլուծությունների հիման վրա եզրահանգումներ են արվում ու բանկային համակարգի զարգացման տեսլականներ են գրվում, որոնք իրականում Հայաստանի տնտեսության կործանումն արագացնող տեսլականներ են։ Այսինքն՝ իրենց էությամբ ոչ թե տեսլականներ են, այլ հանցավոր գործունեության պլաններ, որոնց բացահայտման դեպքում նորմալ երկրներում դատում են առնվազն ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։
Իսկ այն մասշտաբով, որով դա իրականացվում է Հայաստանում, հնարավոր էր ու երևի անհրաժեշտ էր դատել ոչ թե՝ ֆինանսական, այլ՝ քրեական հոդվածներով՝ պետությանը հասցված ծանրագույն վնասների կամ պետական դավաճանության համար։ Բայց Հայաստանում այդ պլանները ոչ միայն չեն բացահայտվում, այլ հրապարակվում են՝ որպես կայացած բանկային համակարգի վկայություններ։ Ու դրանց հիման վրա դատավարություններ չեն իրականացվում, որովհետև բացահայտողների մի մասը բանկերի սեփականատերերի սեփականատեր է, դատողների մյուս մասն էլ՝ կարողանում է չդատելու դիմաց՝ վարկեր ստանալ առանց գրավների ու երաշխավորությունների։
Բանկերը սիրահոժար ու պատրաստակամորեն տրամադրում են այդ վարկերը, որովհետև գիտեն ու հաշվարկում են, որ իրականում իրենց, ավելի ճիշտ՝ իրենց սեփականատերերի սեփականատերերի մոտ է գրավադրված Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ։ Միակ խնդիրն այն է, որ այն կամաց-կամաց ակտիվից դառնում է պասիվ, կամ բանկային լեզվով՝ ոչ լիկվիդային ակտիվ։ Դրանից բխող՝ ամենևին ոչ բանկային հետևանքներով։
Հարություն Ավետիսյան