Մերկելը պահանջել է հարգել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Կանցլերը հերքել է պնդումներն այն մասին, թե Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրեն հեռու է պահելու դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Հայտարարելով, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը` Մերկելը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու:
Գերմանական Spiegel պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:
Այս տեղեկությունը հերքել է կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը: Վերջինս հայտնել է, որ կառավարությունը չի պատրաստվում հեռացնել իրեն Բունդեսթագի բանաձևից: «Գերմանիայի Բունդեսթագն իրավունք և հնարավորություն ունի մեկնաբանելու ցանկացած թեմայով ամեն անգամ, երբ տեսնում է դրա անհրաժեշտությունը: Դաշնային կառավարությունը պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի սուվերենության իրավունքը»,- ասել է Զայբերտը: Նա հավելել է, որ դաշնային կառավարությունը չի պատրաստվում միջամտել ցանկացած այլ սահմանադրական մարմնի պարտականություններին և մեկն աբանել դրանք: