Գեորգի Մարգվելաշվիլին ցավակցել է Ուզբեկստանի նախագահի մահվան կապակցությամբ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ` չհաղորդելով սակայն, թե որտեղից է ստացել Քարիմովի մահվան լուրը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ուզբեկստանի նախագահ պարոն Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: «Պարոն Քարիմովը երկիրը ղեկավարել է դժվար ժամանակահատվածում և նրա ղեկավարման տարիներին Ուզբեկստանը էական զարգացում է ապրել: Ցանկանում եմ անձամբ իմ և վրացի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել պարոն Քարիմովի ընտանիքին և ուզբեկ ժողովրդին: Ես հավատում եմ, որ Իսլամ Քարիմովի անունը արժանի տեղ կզբաղեցնի պատմության մեջ»,- ասված է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Ուզբեկստանի կառավարությունը Իսլամ Քարիմովի մահվան լուրը հաստատող հաղորդագրություն է տարածել: Սակայն Ուզբեկստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հերքել էր նման տեղեկություն տարածելու մասին լուրերը: