Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ

«Կրթությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Իսկ ներկայումս կրթության կազմակերպումը՝ առանց արդի տեխոնոլիգիաների, դժվար է պատկերացնել»,- այս մասին այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը:

«Հուշագիրը միայն սկիզբն է: Եվ այս համագործակցությունը կարող է ունենալ շոշափելի արդյունքներ և լինել հանրային կյանքը փոխող նախաձեռնություն»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Համագործակցությունն ուղղված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նպատակային քայլերի իրականացմանը:

Ստեղծվելու և ներդրվելու են մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներ և կառուցակարգեր` օգտագործելով ժամանակակից ինֆորմացիոն և անվտանգության տեխնոլոգիաները, միատեղվելու են ջանքերը Հայաստանի նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում իրավական և հակակոռուպցիոն բնույթի դասաժամերում նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրմանը, մշակվելու են համակարգչային ինտերակտիվ խաղեր, ծրագրեր այլ հավելվածներ, որոնք նախատեսված կլինեն հեռախոսներով, պլանշետներով, համակարգիչներով, այլ տեղեկատվական համակարգերով օգտագործելու համար՝ իրավական կրթության և իրավական, այդ թվում հակակոռուպցիոն իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:

Այս ամենը նախատեսված է լինելու ինչպես երեխաների, մարզային համայնքների բնակիչների, այնպես էլ այլ թիրախային խմբերի համար: Նպատակն է լինելու հասարակությանը հնարավորինս մատչելի կերպով իրազեկել իրենց իրավունքների մասին, հնարավորություն տալ մասնակցել հակակոռուպցիոն պայքարին: Նախատեսվում է ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաների (TOR և այլն) լուծումներով ստեղծել կոռուպցիոն դեպքերի ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ, որը տեխնիկապես կապահովի տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունը:

Յուրաքանչյուր քաղաքացի, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ՝ կոռուպցիոն ռիսկերի, պաշտոնյաների անօրինական գործողությունների և ապօրինի հարստացման դեպքերի մասին՝ քարտեզի վրա նշելով տվյալ բնակավայրը, ինչպես նաև բեռնելով փաստական հանգամանքները հավաստող անհրաժեշտ տեղեկատվություն փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն: Նախատեսվում է, որ այս տեղեկությունների իսկությունը կճշտվեն և ընթացք կտրվեն ՀՀ իրավապահ մարմինների կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այսպիսով, համագործակցության շրջանակներում կառույցների կողմից օժանդակություն կցուցաբերվի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների, այդ թվում՝ անվտանգության համակարգերի և վեբ կայքերի ստեղծմանն ու ներդրմանը: Համաձայնագրի ուժով կլուծվեն նաև երկուստեք հետաքրություններ ներկայացնող այլ խնդիրներ և հարցեր:

Իրավաբան.net

Տեսանյութեր

Լրահոս